Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի երկու ամիսներին ավելացել է 9.3 տոկոսով

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի երկու ամիսներին ավելացել է 9.3 տոկոսով

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին 9.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 3 մլրդ 64.1 մլն դոլար:

Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: 

Փետրվարին հունվարի համեմատ այն ավելացել է 37.1, իսկ նախորդ տարվա փետրվարի՝ 30.8 տոկոսով: Ձմռան վերջին առևտրաշրջանառությունը եղել է 1 մլրդ 771.8 մլն դոլար:

Արտահանումը տարվա առաջին երկու ամիսներին 12.6 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ գնահատվելով 1 մլրդ 168.8 մլն դոլար: Հունվարի համեմատ աճը 44.2, իսկ 2025-ի փետրվարի համեմատ՝ 37.6 տոկոս է: Փետրվարին արտահանման արժեքը եղել է 690.2 մլն դոլար:

Ներմուծումը հունվար-փետրվարին 7.3 տոկոսով բարձր է եղել 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ գնահատվելով 1 մլրդ 895.3 մլն դոլար: Փետրվարին՝ հունվարի համեմատ ավելացել է 32.9, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 26.9 տոկոսով: Փետրվարին ներմուծումը կազմել է 1 մլրդ 81.6 մլն դոլար:

ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հունվար-փետրվարին եղել է 378.76, իսկ փետրվարին՝ 377.55 դրամ: