Հայաստանը 39 մլն եվրո վարկ կստանա. միջոցները կուղղվեն արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի ստեղծմանը
Հայաստանում արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կստեղծվի, որը կմիավորի արտահանման և ներմուծման գործառնությունների հետ կապված հիմնական գործառույթները։ Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովի նիստում «Երևանի մաքսային-լոգիստիկ կենտրոն» ծրագրի վերաբերյալ Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև դրամաշնորհային համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ մաքսային վարչարարության գործող համակարգը բնութագրվում է գործընթացների անջատվածությամբ, ինչն իր հերթին հանգեցնում է ընթացակարգերի բարդացման և դրանց անցկացման ժամկետների ավելացման։
Ներկայում մաքսային գործառույթները բաշխված են հետևյալ կերպ. հայտարարագրերի ձևակերպումը և փաստաթղթային հսկողությունն իրականացվում են մաքսային մարմինների կողմից, մինչդեռ փաստացի զննումները կատարվում են առանձին տերմինալներում։
Հակոբյանը նաև մատնանշել է ենթակառուցվածքային սահմանափակումները։ Այսպիսով, մի շարք տերմինալներում բացակայում են լիարժեք վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ ապրանքների առանձին կատեգորիաների օպերատիվ ստուգման համար տրամադրվող լաբորատոր հզորությունները։
Կենտրոնի ստեղծման նպատակը բոլոր ընթացակարգերի կենտրոնացումն է մեկ միասնական հարթակում։ Սա, ըստ իշխանությունների, թույլ կտա բարձրացնել վարչարարության արդյունավետությունը, կրճատել ժամանակային ծախսերը և պարզեցնել արտաքին տնտեսական գործունեության պայմանները։
«Մենք նախատեսում ենք միասնական համակարգում ինտեգրել ոչ միայն մաքսային գործառույթները, այլև արտահանման ու ներմուծման գործառնությունների կարգավորման մեջ ներգրավված բոլոր պետական մարմինների գործընթացները», - ասել է ՊԵԿ նախագահը։
Նախնական տվյալներով՝ կենտրոնը տեղակայվելու է Երևանի մոտակայքում՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղուն հարող տարածքում (ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում)։ Ծրագրի իրականացումն ուղղված է մաքսային ենթակառուցվածքների թողունակության ու արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև տարածաշրջանային լոգիստիկ հաբի դերում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը։
Ծրագրի ֆինանսավորումը նախատեսված է իրականացնել 39 մլն եվրո գումարի չափով վարկային միջոցների հաշվին՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) մասնակցությամբ, ինչպես նաև պետական բյուջեից կատարվող հատկացումների միջոցով։
39 մլն եվրո գումարի չափով միջոցները կտրամադրվեն երկու տրանշով՝ 30 մլն և 9 մլն եվրո:
Վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսված ֆինանսավորումը չի ներառում Կառավարության կողմից իրականացվող համաֆինանսավորումը, որն ուղղվելու է ԱԱՀ-ի գծով պարտավորությունների վճարմանը: Կառավարության համաֆինանսավորման չափը կկազմի 9 մլն եվրո, որից 7,8 մլն եվրոն՝ վարկային միջոցների գծով («տրանշ 1»՝ 6 մլն եվրո, «տրանշ 2»՝ 1,8 մլն եվրո), ինչպես նաև 1,2 մլն եվրո՝ դրամաշնորհային միջոցների գծով: