Քննարկվել է ԵԱՏՄ երկրների և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առեւտրային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը
Ազգային ժողովը մարտի 24-ի նիստում քննարկել է «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջեւ ժամանակավոր առեւտրային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը հայտնել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27-ին:
Այն սահմանում է կողմերի սակագնային պարտավորությունների ցանկը, ապրանքների ծագումը որոշելու կանոնները, համաձայնագրի գործողության շրջանակում տեղեկատվության փոխանակման հետ կապված առանձնահատկությունները եւ այլն:
Զեկուցողի խոսքով համաձայնագրի անբաժանելի մաս են կազմում կից ցանկերը՝ յուրաքանչյուր կողմի համար 367 ապրանքային դիրքով, որոնցում ներառված ապրանքատեսակների հանդեպ կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ: Հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ են:
Ակնկալվում է, որ մոնղոլական շուկայի բացումը Հայաստանի արտահանողներին կապահովի Հայաստանից արտահանվող այնպիսի ապրանքների մատակարարման ավելի մրցունակ պայմաններ, ինչպիսիք են ծխախոտը (Մոնղոլիայի դրույքաչափը 30 տոկոս), կոնյակը (դրույքաչափը 15 տոկոս), շոկոլադը (դրույքաչափը 5 տոկոս), հանքային ջուրը (դրույքաչափը 5 տոկոս), պահածոյացված մրգերը (դրույքաչափը՝ 5 տոկոս):
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն Հայաստանից Մոնղոլիա արտահանման 98 տոկոսը: Հայաստանից Մոնղոլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքի միջին դրույքաչափը 7,5 տոկոսից կիջնի մինչեւ 1,2 տոկոս: Արդյունքում, Հայաստանից Մոնղոլիա արտահանման ժամանակ մաքսատուրքի արտոնություններից տնտեսումները կարող են կազմել տարեկան մինչեւ 1 մլն ԱՄՆ դոլար:
Նախատեսվում է համաձայնագրի գործողության ժամկետը սահմանել երեք տարի՝ հետագայում եւս երեք տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերն այլ բան չպայմանավորվեն:
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել օրենքի նախագծին: