Մեր հետևողական քաղաքականությունն է՝ շարունակաբար կազմակերպել միջազգային խոշոր մրցաշարեր. ԿԳՄՍ նախարար
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ օրենքի նախագիծը սպորտի ոլորտում Կառավարության վարած հետևողական քաղաքականության տրամաբանական շարունակությունն է և նպատակ ունի առաջին հերթին որակական նոր չափանիշներ սահմանել սպորտի ոլորտում թափանցիկության, հաշվետվողականության, արդար և ազնիվ սպորտի կանոնների հաստատման ուղղությամբ և այդ առումով նաև միջազգային չափորոշիչներին ու ստանդարտներին համապատասխան մրցաշարեր կազմակերպելու ինստիտուցիոնալ նոր հիմքեր ստեղծել:
Նախարարը կարևորեց Հայաստանի կողմից կոնվենցիայի վավերացումը, որը միտված է կանխելու սպորտային մրցաշարերի արդյունքների արհեստական փոփոխումը, պահպանելու մրցումների անկանխատեսելի բնույթը, ինչը առանցքային է արդար խաղի և սպորտի հեղինակության համար:
«Հատկապես կարևորում եմ, որ մենք կոնվենցիայի վավերացումը իրականացնում ենք այն փուլում, երբ մեր Կառավարությունը հետևողականորեն մեծացնում է սպորտին ուղղված աջակցությունը: Մենք ավելի քան քառապատկել ենք սպորտին ուղղված ֆինանսավորումը 2018-ի համեմատ, ավելի քան 15 միլիարդ դրամ ուղղվում է սպորտին, և պետք է ասել, որ մեր հետևողական քաղաքականությունն է մեր երկրում շարունակաբար կազմակերպել միջազգային խոշոր մրցաշարեր»,- հայտնեց ԿԳՄՍ նախարարը:
Անդրեասյանը վստահություն հայտնեց՝ կոնվենցիայի վավերացումը կգա ամրապնդելու ինստիտուցիոնալ այն շրջանակը, որը կօգնի որակական նոր չափանիշների սահմանմամբ առաջ գնալ: