Վերլուծաբանները Իրանի պատերազմի պատճառով նավթային ճգնաժամն անվանել են խոշորագույնը պատմության մեջ
Goldman Sachs-ը եվրոպական Brent հում նավթի գնի իր տարեկան կանխատեսումը 2026 թվականին բարձրացրել է մեկ բարելի համար 77 դոլարից մինչև 85 դոլար: ԱՄՆ ներդրումային բանկը դա համաշխարհային նավթի շուկայում պատմության մեջ խոշորագույն մատակարարման ցնցում է անվանել: Ամերիկյան WTI բենչմարկի կանխատեսումը վերանայվել է 72 դոլարից մինչև 79 դոլար:
Բանկի վերլուծաբանները ենթադրում են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները կմնան նորմալ ծավալի 5%-ի սահմաններում վեց շաբաթ շարունակ, որից հետո վերականգնումը կտևի ևս մեկ ամիս, գրում է DW-ն: Նման սցենարի դեպքում մատակարարման ընդհանուր կորուստները կկազմեն ավելի քան 800 միլիոն բարել: Goldman Sachs-ը զգուշացնում է, որ Մերձավոր Արևելքում արտադրության կորուստները կարող են աճել օրական ներկայիս 11 միլիոնից, հասնելով մինչև 17 միլիոն բարելի:
Միևնույն ժամանակ, Միջազգային էներգետիկ գործակալության տնօրեն Ֆաթիհ Բիրոլը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը կարող է հանգեցնել տասնամյակների ընթացքում խոշորագույն էներգետիկ ճգնաժամի: Նա նշել է, որ 1970-ականների նավթային ճգնաժամերի ժամանակ աշխարհն օրական կորցնում էր մոտ 5 միլիոն բարել նավթ, մինչդեռ հիմա այդ քանակը կրկնակի է։ Բիրոլը կոչ է արել «հնարավորինս շուտ» կարգավորել Հորմուզի նեղուցի Իրանի շրջափակումը։