Հանձնաժողովին ներկայացվել է Կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը

Հանձնաժողովին ներկայացվել է Կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը

«Gallup» կենտրոնի կողմից 2025 թվականին հրապարակված զեկույցում մեր երկրի ցուցանիշը 2024 թվականի համար 84 տոկոս է, ինչը 2023 թվականի համեմատ բարձր է 1 միավորով, իսկ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության մամուլի ազատության համաթվում Հայաստանը զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը` նախորդ տարվա համեմատ դիրքերը բարելավելով 9 հորիզոնականով: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 23-ին հրավիրված նիստում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Նախարարը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են նոր Սահմանադրության մշակման աշխատանքները: ԱԺ-ի կողմից ընդունվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հարաբերությունների բարեփոխման փաթեթը: Խորհրդարանին են ներկայացվել փաթեթներ, որոնցով առաջարկվում է նախատեսել քաղաքացիական եւ վարչական գործերի ու բողոքների քննության հստակ ժամկետներ եւ գրավոր ընթացակարգեր: Նախատեսվել են նաեւ դատավորի փոփոխության դեպքում գործերի քննությունն ընդհատման պահից շարունակելու ընդհանուր կանոն, ինչպես նաեւ նոր դատավորի կողմից ապացույցների հետազոտման առավել ճկուն ընթացակարգեր: Վարչական մարմինները մինչեւ 300.000 ՀՀ դրամ հանրային իրավական դրամական պահանջներով կայացված դատական ակտերը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրավունք այլեւս չեն ունենա, ինչը 20-30 տոկոսով կթեթեւացնի Վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը:

Սրբուհի Գալյանի խոսքով Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների վերաբերյալ ՏՀԶԿ Ստամբուլյան գործողությունների ծրագրի մոնիտորինգի 5-րդ փուլի առաջընթացի զեկույցով ներկայացված կատարողական 9 դաշտից 6-ում գրանցվել է էական առաջընթաց: 2025 թվականի ընթացքում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ ԵԽ-ի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) կողմից Հայաստանի գնահատման 5-րդ փուլի զեկույցով ներկայացված 22 հանձնարարականի կատարման ուղղությամբ:

Անդրադառնալով քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին՝ նշվել է, որ տարեվերջի դրությամբ վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորված անձանց թվից: Պրոբացիայի ծառայությունը ձեռք է բերել 759 էլեկտրոնային հսկողության սարքավորում, որի արդյունքում մատակարարվել է 459 էլեկտրոնային հսկողության, ինչպես նաեւ 300 վարչական հսկողության սարքավորումներ: Քրեակատարողական հիմնարկներում բարելավվել են դատապարտյալներին պահելու պայմանները:

Հաշվետու ժամանակահատվածում անցկացվել են նաեւ վերապատրաստման դասընթացներ:

Արդարադատության նախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Զեկույցն ընդունվել է ի գիտություն:

Հանձնաժողովը հավանություն է տվել նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հատուկ ընթացակարգին: