Ներուժ կա. Մարջանյանը՝ ԱԷԿ-ի աշխատանքը դադարեցնելու և մոդուլային ռեակտորների մասին
Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագրի շրջանակում մեծ ծավալի աշխատանքներ են նախատեսված։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։
Նա վստահ է, որ ծրագիրը հաջողությամբ է իրականացվելու, ինչը շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու հնարավորություն է տալու։
«2021-2022 թթ․-ին աշխատող բլոկի շահագործման առաջին փուլը հաջողությամբ իրականացվեց, թրծվեց աշխատող բլոկի իրանը, մետաղը վերականգնեց իր հատկությունները, և շահագործման ժամկետը երկարացվեց մինչև 2026թ․-ը։ Շուտով կմեկնարկի շահագործման ժամկետի երկարացման 2-րդ փուլը։ Ատոմակայանը մի քանի ամսով կդադարեցնի աշխատանքը, և կկատարվեն համապատասխան աշխատանքներ, որոնք, վստահ եմ, հաջողությամբ կիրականացվեն»,- նշեց Մարջանյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք արժե մտահոգվել ատոմակայանի աշխատանքի՝ ժամանակավոր դադարի համար, կամ դա ինչպես կանդրադառնա քաղաքացիների վրա, փորձագետը նշեց՝ Հայաստանի էներգետիկ համակարգը այնպիսին է, որ անգամ մի քանի ամսով ատոմակայանի կանգը որևիցե շոշափելի ազդեցություն չի ունենա։ Նրա պնդմամբ՝ Հայաստանն ունի բավարար տեղակայված հզորություններ, մասնավորապես՝ 2 ՀԷԿ-երի կասկադներ՝ Սևան-Հրազդանի և Որոտանի կասկադը, գազով աշխատող ջերմաէլեկտրակայաններ՝ Երևանի ՋԷԿ, Հրազդանի ՋԷԿ և 5-րդ բլոկը։
«Նաև Հայաստանում առկա է 1000 մեգավատտից ավելի տեղակայված արեգակնային ֆոտովոլտային հզորություն, այնպես որ կարող եմ վստահաբար ասել, որ որևիցե շոշափելի ազդեցություն չի թողնի»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ատոմակայանի աշխատանքների դադարեցումն այս փուլում ծրագրված անհրաժեշտություն էր, քանի որ Հայաստանն ուզում է երկարաձգել շահագործման ժամկետը 10 տարով, իսկ դրա համար անհրաժեշտ է որոշակի աշխատանքների իրականացում։
Անդրադառնալով մոդուլային ատոմակայանների կառուցման հարցին՝ փորձագետը նշեց՝ իր կարծիքով՝ մոդուլային ատոմային բլոկի օգտագործման հեռանկար մեր երկրում չկա։
Նյութն ամբողջությամբ՝ Sputnik Արմենիա