Կամո բնակավայրում շուտով 24-ժամյա ջրամատակարարում կապահովվի
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն ընդունել է «Աղբյուրից մինչև ծորակ. Շիրակի մարզի Կամո բնակավայրում անվտանգ և կայուն խմելու ջրի հասանելիության ապահովում» ծրագրի ղեկավար Մարգարիտա Հակոբջանյանին և թիմի ղեկավար Ռամի Ալնատուրին։
Ախուրյանի համայնքապետարանը «Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության» Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ 2026 թվականին կիրականացնի վերոնշյալ ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում կիրականացվեն ջրավազանների և սնող ջրագծերի կառուցման ու վերանորոգման աշխատանքներ։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 37,000,000 ՀՀ դրամ, որը համաֆինանսավորվելու է Ախուրյանի համայնքապետարանի և SICASIL-ի կողմից։
Արդյունքում Կամո բնակավայրում կապահովվի շուրջօրյա ջրամատակարարում։
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել համագործակցության համար, իսկ համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական։