Սեւանի ավազանի շուրջ բացարձակ նիշից ցածր 83 ապօրինի շինություն է քանդվել. գլխավոր դատախազ

Սեւանի ավազանի շուրջ բացարձակ նիշից ցածր 83 ապօրինի շինություն է քանդվել. գլխավոր դատախազ

Անցյալ տարի դեկտեմբերին մենք նախաձեռնել էինք Սևանի ավազանի շուրջ դատախազական ներգործության ակտերի հիման վրա բացարձակ նիշից ցածր գտնվող գույքերի ապամոնտաժման աշխատանքները. Այստեղ մենք մեր աշխատանքներն ակտիվացրել ենք և այս պահի դրությամբ բացարձակ նիշից ցածր քանդվել է մոտ 83 ապօրինի շենք–շինություն, որոնք գտնվում են 33 հողամասերում։ Այս մասին, այսօր՝ մարտի 19–ին, կառավարության նիստում հայտարարեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Այս պրոցեսը շարունակական է։ Մեզ անընդհատ քննադատում են, թե ինչի մենք այդ գույքերը չենք տալիս պետությանը կամ ինչի չենք տալիս որոշակի սոցիալական նպատակներով։ Նորից առիթն օգտագործելով կրկնեմ, որ այդտեղ սեփականության իրավունք լինել չի կարող։ Մենք որևէ մեկի, այդ թվում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը չենք կարող այս գույքերի նկատմամբ գրանցել, և այս պրոցեսը լինելու է շարունակական։ Բացարձակ նիշից ցածր, որևէ գույք անկախ իր շուկայական արժեքից, չի կարող սեփականությամբ վերադարձվել, քանդվելու է և տարածքն ազատվելու է ամբողջությամբ»,–ասաց նա։