Պետությանը և համայնքներին է վերադարձվել 773 մլն դոլարի ապօրինի ծագում ունեցող գույք. Գլխավոր դատախազ
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 19–ի նիստում որոշում կայացրեց, որով ՀՀ սեփականությունը հանդիսացող Երևանի Նորք–Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցի, հեռուստաաշտարակին հարող 7 հազար քմ ընդհանուր մակերեսով շուրջ 417 մլն դրամ կադաստրային արժեքով հողամասն ամրացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, այնուհետև անորոշ ժամկետով տրամադրեց «Հայանտառ» ՊՈԱԿ–ին։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց, որ հողամասը Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Գլխավոր դատախազության հայցի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճռով։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր կողմից նշեց, որ դատախազության հայցադիմումը հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել էր 2025–ի մարտի 7–ի վճռով. «Դատախազությունը դատարանից հայցել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի հուլիսի 21-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ։
Հիշեցնեմ, որ կառավարության նախորդ որոշումներով հեռուստաաշտարակի հարող տարածքում գտնվող ևս հինգ հողամաս ամրացվել է շրջակա միջավայրի նախարարությանը, և այսօրվա դրությամբ շրջակա միջավայրի նախարարության է ամրացված Երևան քաղաքի Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ընդհանուր 3 մլրդ 381 մլրդ 573 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով շուրջ 7.5 հեկտար մակերեսով վեց հողամաս», –ասաց նա։
Վարդապետյանը նաև հավելեց, որ բացի այս գույքից բոլորովին վերջերս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաշտության ևս մեկ համաձայնություն են ստորագրել դատարանում. «Դա թվով 10-րդ համաձայնությունն է, և այս համաձայնության շրջանակներում Կոտայքի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղում գտնվող շուրջ 20.6 հեկտար մակերեսով հողամասը, որի միջին շուկայական արժեքը 323 մլն 800 հազար դրամ է, կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը։
Այս նոր հաշտությունը 2023 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումի մի մասն է՝ ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Հակոբյանի և նրա կնոջ։ Բացի այդ հիշեցնեմ, որ Աբովյան քաղաքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է վարույթ, որը 2025 թվականի նոյեմբերի 6-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»։
Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ վերջերս ամփոփել են, թե 2018-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությանը ինչքան գույք է ամրացվել և ինչ արժի այդ գույքը. «Քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական համայնքային շահերի պաշտպանության հայցերով և հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմով, Հայաստանի Հանրապետությանը և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի և դրամական միջոցների հանրագումարը շուրջ 291 միլիարդ 726 միլիոն դրամ է կազմում, եթե դոլարային համարժեք փորձենք հաշվել, մոտ 773 միլիոն դոլարի մասին է խոսքը, որից 65.8%-ը կամ շուրջ 193 միլիարդ դրամը (շուրջ 504 միլիոն դոլար) ամրացվել է և վերադարձվել 2023-25 թվականների ընթացքում»,– ընդգծեց նա։