350 մլն դրամ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 19–ի նիստում որոշում կայացրեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 350 մլն դրամ հատկացնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ–ին։
Հիմնավորման մեջ նշվում է. «2026–ի մայիսին Երևանում նախատեսվում է անցկացնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, այս նպատակով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն իրականացրել է առկա շինությունների և ենթակառուցվածքների խնդիրների գույքագրում։ Ըստ այդմ, աշխատանքների նախագծանախահաշվային արժեքը կազմել է 738 մլն 917 հազար դրամ։
Նախագծանախահաշվային փաստաթղթերի հիմքով մրցույթի հաղթող է ճանաչվել «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ն՝ ներկայացնելով 573 մլն 423 հազար դրամ գնային առաջարկ։
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն գրությամբ դիմել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ նշված գնման գործընթացի շրջանակներում ֆինանսական միջոցներ տրամադրելու համար։
Վարչապետի աշխատակազմի և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի միջև քննարկումների ժամանակ պարզ է դարձել, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պատշաճ անցկացման համար հրատապ պահանջվող գումարը կազմում է 350.0 մլն.դրամ, ինչը անհրաժեշտ է տրամադրել սեղմ ժամկետներում՝ աշխատանքները մինչև 2026 թվականի մայիսի 4-ը ավարտելու համար։
Հանձնարարվել է Վարչապետի աշխատակազմ ներկայացնել ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ 2026թ. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին շուրջ 350 մլն. դրամի հատկացման վերաբերյալ:
Նշենք, որ «ԲԻԴԵՔ ՍՊԸ»-ն պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։ Դավիթ Սեդրակյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր էր, սակայն կարճ ժամանակ անց՝ 2021 թվականի հոկտեմբերի 29-ին մանդատը վայր դրեց՝ հայտարարելով, որ մանդատից հրաժարվում է ոչ քաղաքական պատճառներով։
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Սեդրակյանների ընկերությունը պետական և տեղական բյուջեների հաշվին բազմաթիվ պատվերներ է կատարել շինարարության ոլորտում։
Մայիսի 4-ին Հայաստանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային է, փոխարենն աշխատանքային է լինելու ապրիլի 18-ի շաբաթ օրը։