Պետբյուջեի միջոցներով նախորդ տարի կառուցվել, վերակառուցվել, հիմնանորոգվել է ավելի քան 500 կմ ճանապարհ

Պետբյուջեի միջոցներով նախորդ տարի կառուցվել, վերակառուցվել, հիմնանորոգվել է ավելի քան 500 կմ ճանապարհ

Հայաստանի պետական բյուջեի միջոցներով 2025 թվականին Հայաստանում  կառուցվել, վերակառուցվել, նորոգվել և հիմնանորոգվել է 504.5 կմ ընդհանուր ճանապարհ:  

Այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«2025 թվականի ընթացքում Հայաստանի պետական բյուջեի միջոցներով Հայաստանում կառուցվել, վերակառուցվել, նորոգվել և հիմնանորոգվել է 504.5 կիլոմետր ընդհանուր ճանապարհ, որից 135 կիլոմետրը՝ միջպետական, շուրջ 200 կիլոմետրը՝ հանրապետական և շուրջ 170 կիլոմետրը մարզային նշանակության ճանապարհներ են»,-ասաց Խուդաթյանը:   

Նա հավելեց՝ ամբողջովին պատրաստ է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի՝ Աշտարակից դեպի Գյումրի գնացող հատվածը: Առաջիկայում այնտեղ բացման միջոցառում կիրականացվի:  Նախարարի խոսքով՝ սա կենսական նշանակություն ունի Հայաստանի համար: Շինարարական աշխատանքները նախորդ տարվա ընթացքում ամբողջությամբ ավարտվել են:

Անդրադառնալով Հյուսիս-հարավի մեկ այլ՝ Քաջարանից Ագարակ գնացող 32 կիլոմետրանոց հատվածին՝ Խուդաթյանն ասաց, որ շինարարական ակտիվ աշխատանքներ են իրականացվում:

Այդ հատվածում նախատեսված  2  թունելներն արդեն փորված են: Նախատեսված է նաև կառուցել 15 կամուրջ, 14-ի աշխատանքներն ընթացքի մեջ են: