ՍԴ դատավորների աշխատավարձերը կբարձրանան. Գալյան
Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձի կառուցվածքը և չափը իրականում համարժեք չէ իրենց զբաղեցրած բարձր կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին, գործունեությանը բնորոշ բարձր պատասխանատվության մակարդակին։ Այս մասին պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով նախագիծ, որով առաջարկվում է վերանայել Սահմանադրական դատարանի դատավորների վարձրատրությունը՝ սահմանելով լրացուցիչ աշխատավարձի տարբերակված համակարգ։
«Հաշվի առնելով ասվածը, նախագծերով կվերանայվեն սոցիալական և նյութական անկախության լրացուցիչ երաշխիքները, որի արդյունքում ՍԴ նախագահին, փոխնախագահին և դատավորներին օրենքով սահմանված կարգով կվճարվի նրանց բարձր կարգավիճակի և պատասխանատվությանը համապատասխան դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար հավելավճար։ Խոսքը ոչ թե գործակցի բարձրացման մասին է, այլ ըստ աշխատած տարիների՝ հավելավճարների սահմանման, մասնավորապես պաշտոնավարման երկրորդ տարում 20%-ի չափով, երրորդ տարում 35%-ի չափով, չորրորդ տարվանից սկսած յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10% ավելի չափով։
Աշխատանքային ստաժի համար վճարվելի գումարի չափի հաշվարկման մասով մեկնակետը նախագահի, փոխնախագահի, դատավորի պաշտոնը ստանձնելու պահն է: Միաժամանակ, նոր լրացվող նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոններում պաշտոնավարման ընթացքում աշխատանքային ստաժի համար վճարվելիք հավելավճարների վերաբերյալ օրենսդրական կարգավորումների պայմաններում հավելում և հավելավճար եզրույթների մասով օրենսդրական մակարդակում ամրագրված մյուս մոտեցումների միասնականացման պայմանավորված՝ անհրաժեշտ է վերանայել նաև 12-րդ հոդվածի առաջին մասում կիրառվող «հավելավճար» եզրույթը և այն օգտագործել «հավելում» բառով»։
Հարցին, թե որքան աշխատավարձ են ստանում այս պահին ՍԴ դատավորները և այս փոփոխությունից հետո որքան են ստանալու՝ Գալյանը պատասխանեց, որ թվերը տարբեր են ու այս պահին հստակ բոլոր թվերին չի տիրապետում, սակայն այս տոկոսների հաշվարկման դեպքում մոտավորապես 400 000 դրամի տարբերություն է լինելու՝ դրական աճի միտումով։