Տուն կառուցելու 16 մլն դրամի ծրագրով նոր քվոտա ենք սահմանելու, բայց ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում. Փաշինյան
Սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու՝ 16 միլիոնի ծրագրով նոր քվոտա ենք սահմանելու, բայց ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում: Այդ մասին ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախարար Թորոսյանը տեղեկացրեց, որ քվոտան սահմանվելու է 3 խումբ շահառուների համար: Առաջին խմբում մոտ 400 շահառուներ են, որոնք նախկինում չեն հասցրել օգտվել ծրագրերից: Դրանք այն քաղաքացիներն են, որոնք բավարարում են ծրագրի բոլոր պարամետրերը, շինթույլտվությունը ստացել են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը, բայց չեն կարողացել դիմել և բանկից վարկ ստանալ: Դրանք նաև այն քաղաքացիներն են, որոնք 2024-ի հունվարի 1-ից մինչև 2025-ի մայիսի 1-ը հողամաս են ձեռք բերել, բայց միայն հողամասի սեփականության իրավունքներն են գրանցել:
«Այս քաղաքացիների համար քվոտան գործելու է ուղիղ այն համայնքում, որտեղ շինթույլտվությունը ստացել են, հողամասը ձեռք են բերել, այսինքն՝ որևէ սահմանափակում չկա»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք շինթույլտվությունը մայիսի 1-ի դրությամբ արդեն ստացած են եղել:
ԱՍՀՆ-ն նաև որոշել է, որ քվոտաներ կսահմանվեն այն բնակավայրերում, որտեղ բնակչության թվի համամասնությամբ 10 տոկոսից ավելի տուն է կառուցվել: Նոր քվոտա կսահմանվի այն բնակավայրերում, որտեղ 10 տոկոսից քիչ տուն է կառուցվել:
«Նոր քվոտաներից կարող են օգտվել այն քաղաքացիները կամ այն ընտանիքները, որտեղ ամուսիններից մեկը (կամ եթե միայնակ մայր է) ունի առնվազն 1 տարվա հաշվառում այդ համայնքում… Կա՛մ պետք է լինի ընտանիքում անչափահաս երեխա, կա՛մ ամուսինների հանրագումարային տարիքը չպետք է գերազանցի 75 տարեկանը»,- ասաց նա:
Եվս մեկ քվոտա է սահմանվել, ըստ որի՝ եթե որևէ բնակավայրում դպրոցում տեղերը 50 տոկոսից պակաս է լրացված, ապա այդ 50 տոկոսի 20 տոկոսի չափով քվոտաներ կսահմանվեն: Այս դեպքում խոսքը 243 քվոտայի մասին է:
«Այստեղ սահմանափակում կա ուղիղ այն տրամաբանությամբ, թե ինչու ենք տալիս այս քվոտան, որպեսզի երեխաների թիվը լրանա դպրոցում, և նաև երեխաները որակյալ կրթություն ստանան նորակառույց դպրոցներում: Պարտադիր պայման է, որ երեխայի տարիքը լինի 10 տարեկանից ցածր՝ շահառու դառնալու համար, որովհետև շահառու դառնալը և նախագծելը, կառուցելը տևում է միջինացված մոտ 2-3 տարի, ուստի կարևոր է, որ երեխաները, որոնք այդ դպրոցի պոտենցիալ աշակերտը պետք է դառնան, սովորեն այդ դպրոցում, դրա համար ավելի ցածր տարիք ենք վերցրել, քան, օրինակ, Գոմքի պիլոտային ծրագրի դեպքում էր, որի դեպքում 13 տարեկան էր սահմանված»,- ասաց նա:
Նաև զեկուցվեց, որ ավարտական ակտ ունեցող տների թիվն այս պահին 272 է, իսկ առհասարակ ՀՀ տարբեր բնակավայրերում պետբյուջեի միջոցների հաշվին ընդհանուր 3700 տուն է կառուցվում այս ծրագրով: