Հայտնի են Հանրային ոլորտի նորարարների մրցանակաբաշխության հաղթողները

Հայտնի են Հանրային ոլորտի նորարարների մրցանակաբաշխության հաղթողները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին, որի կազմակերպիչն է ՄԱԿ զարգացման ծրագրերի Հայաստանի Կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, նորարարության և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ:

Մինչ միջոցառման մեկնարկը, Նիկոլ Փաշինյանը COPA տաղավարում ծանոթացել է արհեստական բանականությամբ համալրված հանրային կառավարման ոլորտի տեխնոլոգիական ոլորտի լուծումներին: Ներկայացվել է, որ ParlOur-ը COPA-ի մշակած բաց կոդով գործիքի նպատակն է մեկ հարթակում հավաքելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ելույթները, օրենսդրական նախաձեռնությունները, հանձնաժողովների նիստերը, քվեարկությունները և այլ խորհրդարանական բովանդակություն։ Այն թույլ է տալիս քաղաքացիներին թեմատիկ որոնման միջոցով հասկանալ, թե որ պատգամավորն ինչ դիրքորոշում է հայտնել, ինչ նախաձեռնություններով է հանդես եկել և ինչպես է քվեարկել տարբեր հարցերի շուրջ։ Գործիքը ստեղծվել է՝ խորհրդարանական գործընթացներն ավելի թափանցիկ, հասանելի և վերլուծելի դարձնելու համար։ Այն միտված է ուժեղացնելու քաղաքացիների իրազեկված մասնակցությունը և տվյալահեն հանրային վերահսկողությունը քաղաքական որոշումների նկատմամբ։

Մրցանակաբաշխության արարողությանն ընդառաջ, վարչապետը հանդես է եկել ելույթով։

Հաջորդիվ՝ տեղի է ունեցել մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակաբաշխության չորս անվանակարգերն են՝ «Թվային լուծումներով խթանված նորարարություն», «Տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն», «Մարդակենտրոն նորարարություն», «Կառավարման նորարարություն»: Հանրային ոլորտի նորարարների մրցանակաբաշխության նպատակն է կարևորել նորարարությունը, ճանաչել և արժևորել այն մարդկանց ու թիմերին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքի շնորհիվ բարելավում են հանրային քաղաքականությունների և ծառայությունների որակը, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի հանձնառությունը ժամանակակից, առաքելահեն և մարդակենտրոն կառավարման նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանը մրցանակները հանձնել է վերոնշյալ անվանակարգերում հաղթողներին: Այսպիսով՝ «Թվային լուծումներով խթանված նորարարություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել ՆԳՆ թվայնացումը համակարգող նախարարի խորհրդական Աննա Հարությունյանը և Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, «Տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն»՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, «Մարդակենտրոն նորարարություն» անվանակարգում՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առընթեր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Կառավարման նորարարություն» անվանակարգում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Եսայանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը: