Իրանի դեմ ռազմական գործողությունները կազդեն Հայաստանի գնաճի վրա

Իրանի դեմ ռազմական գործողությունները կազդեն Հայաստանի գնաճի վրա
Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը Հայաստանում գնաճի վրա կարող է թողնել 1.2–1.7 %–ի ազդեցություն։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Այդ գնաճի ենթակոմպոնենտներն են նավթի գնի ավելացումը, ներմուծման այլընտրանքային ճանապարհների օգտագործման արդյունքում գնի որոշակի աճը և Իրանից ներմուծվող պարենային որոշ ապրանքների որոշակի փոխարինումը; Այն, ինչ ասում եմ, սա ռիսկերի տիրույթում է, ու մենք չենք ասում, թե այդ ամենն անպայման տեղի է ունենալու»,– նշեց նա։
Գալստյանի բնորոշմամբ` այս հակամարտությունը մի կողմից ավելացնում է տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից իր մեջ ունի գնաճի ավելացման ներուժային պոտենցիալ, ինչը Հայաստանի համար բավականին անցանկալի երևույթ կարող է լինել։
«Եթե համաշխարհային տնտեսության մեջ նկատվի տնտեսական ակտիվության անկում, դա անդառնալիորեն կազդի Հայաստանի ներսում տնտեսական աճի և զարգացումների վրա։ Այդ իսկ պատճառով Մերձավոր Արևելքում ծավալված հակամարտությանը մենք մեր քննարկումների ժամանակ մեծ ուշադրություն ենք դարձրել»,– հայտարարեց ԿԲ նախագահը։
Ըստ նրա` եթե արտաքին պահանջարկը նվազի, դա ազդելու է ՀՀ տնտեսական արդյունքների վրա, որն իր հետ կարող է բերել նաև հոգեբանական խնդիրներ։
«Օրինակ` մարդիկ, որ տրամադրվել էին, որ այս տարի պետք է այցելեն Հայաստան, տեսնելով մեր երկրի շուրջ վատ զարգացումները` հնարավոր է` էլ չգան»,– նշեց Գալստյանը։
Պոտենցիալ ռիսկերի տեսանկյունից մյուս խնդիրը, որ մենք կարող ենք ունենալ, դա, նրա խոսքով` հայկական ընկերությունների կողմից Միջին Արևելքի շուկաներում ապրանքների իրացման հնարավորությունների, ինչպես նաև լոգիստիկ խնդիրների արդյունքում նաև արտահանման որոշակի սահմանափակումներն են։
Բացի այդ, Գալստյանի դիտարկմամբ` կա մեկ այլ խնդիր ևս, որը պայմանավորված է գնաճի վրա նավթի գների ավելացման ազդեցությամբ։
«Նավթը կամ էներգակիրները որոշակի չափաբաժիններով մտնում են նաև ընդհանուր ապրանքների ինքնարժեքի վերջնական հաշվարկի մեջ, որը արդեն առաջարկի տեսանկյունից կարող է թանկացնել մեր ապրանքները»,– ընդգծեց ԿԲ նախագահը։