2025 թվականին Հայաստանի բուհեր ընդունվել ցանկացող օտարերկրացիների թիվը 2021 թվականի համեմատ աճել է 67%-ով․ նախարար
2025 թվականին Հայաստանի բուհեր ընդունվել ցանկացող օտարերկրացիների թիվը 2021 թվականի համեմատ աճել է 67%-ով։ Մարտի 17-ին Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021–2026 թթ.) 2025 թվականի ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Նախորդ տարի մի կարևոր աշխատանք էինք ձեռնարկել բուհերում օտարերկրյա ուսանողների ներգրավման ուղղությամբ, ինչի շնորհիվ թվային հարթակով ենք օտարերկրյա ուսանողների ընդունելությունն իրականացրել: Սա բերել է նրան, որ միայն օտարազգի քաղաքացիների հայտերը նախորդ տարվա համեմատ աճել են 90 տոկոսով, իսկ 2021 թվականի նկատմամբ՝ օտարերկրյա դիմորդների թվաքանակն ավելացել է 67 տոկոսով: Սա նշանակում է, որ եթե գործիքակազմերը համապատասխան են և հարմար, ապա մեծացնում է գրավչությունը», - ասել է Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ 2025 թվականին Հայաստանի բուհեր է ընդունվել 10 970 ուսանող, որոնց 59 %-ը սովորում է բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) մասնագիտություններով:
Նախարարը հիշեցրել է, որ իրենց մոտ գործում են կրթաթոշակային ծրագրեր՝ ըստ առաջնահերթ ուղղությունների: Դրա շնորհիվ նրանք ակնկալում են նշված ուղղություններով ուսանողների թվի զգալի աճ: