Հայաստանը ցանկանում է խստացնել սպորտային խաղադրույքների և պայմանավորված խաղերի վերահսկողությունը

Հայաստանը ցանկանում է խստացնել սպորտային խաղադրույքների և պայմանավորված խաղերի վերահսկողությունը

Այս կոնվենցիան ստորագրվել է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին։ Հայաստանն այն ստորագրել է հենց նույն օրը, սակայն գործը այդպես էլ չի հասել վավերացմանը։ Այս մասին մարտի 17-ին կայացած Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրելու հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանը։

«2026 թվականի փետրվարի վերջի դրությամբ կոնվենցիան ստորագրել է 44 պետություն։ Ըստ էության, մենք խոսում ենք մարզական միջոցառումներում պայմանավորված խաղերի դեմ պայքարի և դրանց անկանխատեսելիության պահպանման մասին, ինչը կարևոր է արդար խաղի և սպորտի հեղինակության համար», - ասել է նախարարը։

Կոնվենցիայի համաձայն՝ յուրաքանչյուր երկիր պարտավորվում է կոչ անել մարզական կազմակերպություններին, մարզական խաղադրույքների օպերատորներին և մրցումների կազմակերպիչներին՝ սահմանել ընթացակարգեր և կանոններ պայմանավորված խաղերի դեմ պայքարելու համար։ Բացի այդ, անհրաժեշտության դեպքում նրանք պարտավոր կլինեն ձեռնարկել այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կնպաստեն նախանշված նպատակին հասնելու գործընթացին։

Կոնվենցիայի մասնակիցները պարտավորվում են կոչ անել մարզական կազմակերպություններին և մրցումների կազմակերպիչներին՝ ընդունել և ներդնել կանոններ, ինչպես նաև պատշաճ կառավարման սկզբունքներ, որոնք ուղղված են մարզական մրցումների մանիպուլյացիայի գործընթացի կանխարգելմանը։

Կոնվենցիայի վավերացման դեպքում Հայաստանը պարտավոր կլինի քրեական կամ վարչական պատասխանատվություն սահմանել պայմանավորված խաղերի, սպորտում կոռուպցիայի համար և ապահովել նման գործերի պատշաճ քննությունը։

Այն պարտավոր կլինի նաև ստեղծել Մասնագիտացված համակարգող մարմին և նշանակել ազգային հարթակ (կառույց, որը կմիավորի Ոստիկանությունը, մարզական ֆեդերացիաները, բուքմեյքերներին և պետական մարմինները): Դրա խնդիրն է լինելու տեղեկատվության փոխանակումը և արագ արձագանքումը:

Բացի այդ, իշխանությունները պարտավոր կլինեն վերահսկել մարզական խաղադրույքների շուկայի գործունեությունը և հայտնաբերել կասկածելիները: Անհրաժեշտության դեպքում նրանք պետք է սահմանափակեն կամ առհասարակ արգելեն խաղադրույքների առանձին տեսակներ:

Կոնվենցիան նաև խաղադրույքներ կատարելու արգելքներ է ներառում մրցումների կազմակերպմանը մասնակցող անձանց՝ հովանավորների, մարզական կազմակերպությունների սեփականատերերի, ինչպես նաև բուքմեյքերական գրասենյակների համար:

Ի թիվս այլոց, պարտականությունների և լիազորությունների ցանկում կներառվեն նաև այլ երկրների հետ տվյալների փոխանակումը և համատեղ հետաքննությունները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ու մարզական կառույցների հետ համագործակցությունը:

«Կոնվենցիան ճանաչում է սպորտի ինքնավարությունը և աջակցում է դրա պահպանմանը՝ ապահովելով հավասարակշռված մոտեցում: Խարդախության դեմ պայքարը հիմնված է մարդու իրավունքների, օրինականության, համաչափության և քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության վրա: Փաստաթուղթը սահմանում է անօրինական և կասկածելի խաղադրույքների տեսակները՝ թույլ տալով պետությանը վերահսկել և կանխել ֆինանսական խարդախությունը», - հավելել է Անդրեասյանը։

Որոշ քննարկումներից հետո այս նախաձեռնությունը դրական արձագանք է ստացել մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի կողմից։