ԿԳՄՍՆ-ն նախատեսում է գործարկել մասնավոր մանկապարտեզներում երեխաների կրթության ֆինանսավորման մոդել

ԿԳՄՍՆ-ն նախատեսում է գործարկել մասնավոր մանկապարտեզներում երեխաների կրթության ֆինանսավորման մոդել

Քաղաքային բնակավայրերում նախադպրոցական հաստատություն հաճախող երեխաների 22.3 տոկոսն ընդգրկված է մասնավոր  մանկապարտեզներում:  ԱԺ գիտության, կրթության հարցերով հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

Անդրադառնալով նախադպրոցական հաստատություններին՝ նախարարն ասաց, որ 2021 թվականի համեմատությամբ նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդգրկվածության 17 տոկոս աճ կա:

Խոսելով նախադպրոցական կրթության ոլորտում լիցենզավորման գործընթացից՝ Անդրեասյանը հայտնեց, որ 2025-ի դրությամբ 249 մասնավոր հաստատություն լիցենզավորված է, հաճախում է շուրջ 10 հազար 800 երեխա:

«Այդ երեխաներն, ըստ էության, դուրս եկել ստվերից: Լիցենզավորումը ոչ միայն որակի վերահսկողություն է, այլ նաև ապահովել է այս երեխաների հաշվառումն ու ընդգրկվածությունը մեր ընդհանուր վիճակագրության մեջ: Քաղաքային բնակավայրերում նախադպրոցական հաստատություն հաճախող երեխաների 22.3 տոկոսն ընդգրկված է մասնավոր մանկապարտեզներում: Այս տարի պլանավորում ենք գործարկել մասնավոր մանկապարտեզներում երեխաների նախադպրոցական կրթության ֆինանսավորման մոդելը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այդ առումով աշխատում են գործընկեր համայնքների հետ:

Նա նշեց, որ պետության կողմից տարված աշխատանքների արդյունքում էապես կրճատվել է նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերի թիվը: 2025թ դրությամբ 1011 բնակավայրից միայն 87-ում առկա չեն եղել: