Ավելացել է ոսկերչական զարդերի արտահանումը. փոխնախարար
Հայաստանից ոսկերչական զարդերի արտահանումն ավելացել է, մեծ մասն արտահանվում է Արաբական Միացյալ Էմիրություններ, Թաիլանդ և մի շարք այլ երկրներ:
«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը:
Խոսելով Հայաստանում ոսկու և ադամանդի արտադրության մասին՝ փոխնախարարը նշեց, որ Հայաստանում ոսկերչական ու ադամանդագործական տասնյակից ավելի ձեռնարկություններ կան, որոնք նաև իրականացնում են արտահանում: Ոսկերչական զարդերի արտահանման աճ կա:
«Ոսկու վերաարտահանումը հիմա շեշտակիորեն նվազել է: Դրա նվազումը բերել է նրան, որ Հայաստանի ներմուծման և արտահանման ցուցանիշները մոտ 30 տոկոսով նվազել են: Բայց դա բերել է իրական տնտեսության պատկերին: Այսօր Հայաստանում կան ադամանդագործական ձեռնարկություններ, որոնք ալմաստի վերամշակմամբ են զբաղվում: Ունենք նաև ադամանդագործական ընկերություններ՝ արտասահմանյան կապիտալով ստեղծված, նաև համաշխարհային կարգի բրենդներ, որոնք այստեղ ադամանդագործությամբ են զբաղվում: Հայկական ոսկերչությունն այս օրերին նույնպես բավականին առաջանցիկ քայլերով գնում է առաջ»,-ասաց Զաքարյանը:
Նա տեղեկացրեց, որ հիմա ՀՀ ֆինանսների նախարարությունը ոսկու առևտրի հետ կապված օրենսդրական որոշակի փոփոխություններ է իրականացնում, որը, կարծում են, կբերի նրան, որ գոյություն ունեցող ստվերը՝ առնվազն ներքին շուկաների մասով, հնարավորինս կկրճատվի, իսկ արտաքին արտահանման շուկաներում հայկական ոսկերչական զարդի համբավը բավականին մեծ է ամբողջ աշխարհում:
Նյութն ամբողջությամբ՝ Արմենպրես