Հայաստանից ԵՄ տեքստիլի արտահանումն ավելացել է. փոխնախարարը՝ արդյունաբերության, վերջնական արտադրանքի աճի մասին
Հայաստանում արդյունաբերության ոլորտի շարժիչ ուժն արդեն մշակող արդյունաբերությունն է, երկիրն ավելացրել է վերջնական արտադրանքի արտահանումը, օրինակ՝ ԵՄ երկրներ տեքստիլի արտահանումն ավելացել է մոտ 17 տոկոսով:
«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը՝ ներկայացնելով արդյունաբերության ոլորտում նկատվող միտումները:
Արդյունաբերությունն այս տարվա առաջին ամսում աճել է 10.6 տոկոսով: Փոխնախարարը լավ ցուցանիշ համարեց 2026 թվականն արդյունաբերության՝ 10 տոկոսից ավելի աճով սկսելը:
«2025 թվականի առաջին եռամսյակը սկսել էինք նվազող ցուցանիշով: Արդյունաբերությունը, օրինակ, 2025-ի փետրվարին նվազել էր մինչև 26.6 տոկոս: Նվազումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով՝ հատկապես վերաարտահանվող ոսկու՝ Հայաստանում որոշակի մշակման կրճատմամբ: 2025 թվականի ներմուծման և արտահանման ցուցանիշները նայելիս՝ կտեսնենք, որ մոտ 30 տոկոսով նվազում ունենք: Սա խոսում է նրա մասին, որ Հայաստանի տնտեսությունը դուրս է գալիս օտարածին, ոչ իրենից կախված գործառույթներից և սկսում է ռեալ աճ ապահովել: Նախորդ տարեսկզբի բացասական հետևանքը Կառավարության քաղաքականության արդյունքում կարողացանք չեզոքացնել և վերջին 6 ամսում աստիճանաբար ապահովել արդյունաբերության աճ՝ 2025-ի տարեվերջին ապահովելով արդյունաբերության 4.7 տոկոս աճ: Այս տարի ավելի լավ ենք սկսել: Հայաստանի տնտեսությունն արդեն գործում է իր իրական արդյունաբերական պոտենցիալով և սկսում է զարգացնել ու աճը ապահովել իրական արտադրությամբ, որի արդյունքում թվերը հենց տարվա սկզբից լավն են»,-ասաց Զաքարյանը:
2025-ին Հայաստանի ընդհանուր արդյունաբերական ծավալը հասել է մինչև 3.4 տրլն դրամի, ինչը փոխնախարարի գնահատմամբ, բավականին մեծ է: Հայկական ծագում ունեցող արտադրանքը ևս շեշտակի ավելացել է, որը նույնպես խոսում է իրական տնտեսության աճի մասին:
Նրա խոսքով՝ արդյունաբերության ավելացում հնարավոր է եղել ապահովել մի քանի ոլորտներում աճի հաշվին:
«Առաջինը հանքարդյունաբերությունն է: Մենք տարվա սկզբում ոլորտում ունեինք բավականին շատ խնդիրներ՝ Թեղուտի հանքավայրը չէր կարողանում գնորդ գտնել, որ կարողանա արտահանում իրականացնել, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր կանգնած տարվա սկզբից: Սակայն տարվա ընթացքում՝ առնվազն առաջին եռամսյակից հետո, այդ հարցերն ամբողջությամբ լուծվեցին, և հանքարդյունաբերության ոլորտի այդ երկու գիգանտները սկսեցին բավականին լավ աշխատել ու հասան իրենց արտադրական մաքսիմումներին»,-ասաց Զաքարյանը:
Նրա խոսքով՝ առաջընթաց է գրանցվել նաև տեքստիլի ոլորտում, ավելացել է արտահանումը: Ալյումինի արտադրության ոլորտում ևս աճ է գրանցվել: Լավ ցուցանիշներ կան նաև քիմիական արտադրության ոլորտում:
«Նաև ոսկերչության ոլորտում բավականին լավ աճ ունենք, որը ոսկու վերաարտահանման հաշվին չէ: Ոսկերչական զարդերի արտահանման աճ նույնպես ունենք»,-նշեց փոխնախարարը:
Կառավարությունը հայտարարել էր, որ մշակող արդյունաբերությունը պետք է դառնա տնտեսության հենասյուներից մեկը: Փոխնախարարի համոզմամբ՝ բավականին մոտ են, նույնիսկ հասել են այդ թիրախին:
«4.7 տոկոս աճի 3 տոկոսային կետը ապահովել է հենց մշակող արդյունաբերությունը: Այսինքն՝ մեր արդյունաբերության մոտ 70 տոկոսը վերաբերվում է մշակող արդյունաբերությանը, հանքարդյունաբերությունը 20 տոկոսից մի փոքր քիչ է: Արդյունաբերության կառուցվածքի նմանատիպ շարունակության դեպքում մենք կունենանք հանքարդյուաբերության տոկոսի նվազում, բայց դա չի նշանակում հանքարդյունաբերության նվազում, քանի որ հանքարդյունաբերությունը նույնպես կարևոր է տնտեսության համար: Բայց շատ կարևոր է արժեշղթաների երկարացումը: Հիմա մենք գնում ենք այն քաղաքականությամբ, որ կարողանանք Հայաստանում ստեղծել վերջնական արտադրանք և արժեշղթաները երկարացնենք մինչև վերջնական արտադրանք»,-ասաց Զաքարյանը՝ կարևորելով ավելացված մեծ արժեքով, որակյալ արտադրանքի ստեղծումը:
Փոխնախարարն այս համատեքստում խոսեց տնտեսության արդիականացման ծրագրի մասին: Նրա խոսքով՝ դրա արդյունքում 2017թ. արտադրողականության ցուցանիշը, որը 5.6 դոլար էր՝ մարդ/ժամով հաշված, 2025-ին հասցրել են 11.3 դոլարի: Արտադրողականության աճը բավականին կարևոր է, որն ազդում է ինքնարժեքի վրա:
Պետությունը նպաստում է նաև սերտիֆիկացման գործընթացին, որ արտադրողները կարողանան արտահանել տարբեր երկրներ:
Հայաստանն արտահանում է իրականացնում աշխարհի 100-ից ավելի երկրներ, բայց հիմնականում՝ ԵԱՏՄ երկրներ: Սակայն, փոխնախարարի վստահեցմամբ, պետության քաղաքականությունը միտված է դիվերսիֆիկացիային:
«2025 թվականին փայլաթիթեղի արտահանումը 30 տոկոսով ավելացել է: Մոտ 17 տոկոսով ավելացել է տեքստիլի արտահանումը ԵՄ: Պահածոների արտահանումը ԵՄ երկրներ ավելացել է մոտ 34 տոկոսով: Մենք փորձում ենք շուկաները դիվերսիֆիկացնել, որ մեր տնտեսավարողի համար ավելի կանխատեսելի լինի: Բացի այդ՝ մենք փորձում ենք գտնել ավելի գնողունակ շուկաներ, որտեղ կկարողանանք արտահանել ավելի բարձր արժեք ունեցող արտադրանք»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այդ հարցում պետությունը քայլեր իրականացնում է:
Անդրադառնալով դեպի ԵՄ երկրներ տեքստիլի արտահանման ավելացմանը՝ նա նշեց, որ Հայաստանում կան արտադրամասեր, որոնք եվրոպական տարբեր բրենդների համար իրականացնում են ծառայություններ, կարում են այնպիսի բրենդների համար, ինչպիսին են Zara-ն, Max Mara-ն և այլն: Այսպիսով, Հայաստանից հիմնականում վերջնական արտադրանք են արտահանում՝ բաճկոններ, նաև բանվորական արտահագուստ և այլն:
Զաքարյանի խոսքով՝ տնտեսավարողներն անցյալ տարի պետության աջակցությամբ մասնակցել են տարբեր ցուցահանդեսների, կնքել են մի շարք B2B պայմանագրեր, որոնց արդյունքում ակնկալում են արտահանման աճ նաև տեքստիլ ոլորտում:
Վերջնական արտադրանքի արտահանման աճ կա և՛ մետալուրգիական ոլորտում, և՛ սննդի արդյունաբերության ոլորտում: Մի փոքր նվազել է խմիչքի արդյունաբերության ոլորտը: «Հայկական ծագում ունեցող վերջնական արտադրանքի արտահանման ծավալները բավականին ավելացել են»,-ընդգծեց փոխնախարարը:
Խոսելով Հայաստանում ոսկու և ադամանդի արտադրության մասին՝ փոխնախարարը նշեց, որ Հայաստանում ոսկերչական ու ադամանդագործական տասնյակից ավելի ձեռնարկություններ կան, որոնք նաև իրականացնում են արտահանում:
«Ոսկու վերաարտահանումը հիմա շեշտակիորեն նվազել է: Դրա նվազումը բերել է նրան, որ Հայաստանի ներմուծման և արտահանման ցուցանիշները մոտ 30 տոկոսով նվազել են: Բայց դա բերել է իրական տնտեսության պատկերին: Այսօր Հայաստանում կան ադամանդագործական ձեռնարկություններ, որոնք ալմաստի վերամշակմամբ են զբաղվում: Ունենք նաև ադամանդագործական ընկերություններ՝ արտասահմանյան կապիտալով ստեղծված, նաև համաշխարհային կարգի բրենդներ, որոնք այստեղ ադամանդագործությամբ են զբաղվում: Հայկական ոսկերչությունն այս օրերին նույնպես բավականին առաջանցիկ քայլերով գնում է առաջ»,-ասաց Զաքարյանը:
Նա տեղեկացրեց, որ հիմա ֆինանսների նախարարությունը ոսկու առևտրի հետ կապված օրենսդրական որոշակի փոփոխություններ է իրականացնում, որը, նրա կարծիքով, կբերի նրան, որ գոյություն ունեցող ստվերը՝ առնվազն ներքին շուկաների մասով, հնարավորինս կկրճատվի, իսկ արտաքին արտահանման շուկաներում հայկական ոսկերչական զարդի համբավը բավականին մեծ է ամբողջ աշխարհում:
Փոխնախարարը նաև հայտնեց, որ տնտեսության արդիականացման ծրագրով ոսկերչական ընկերությունները բավականին լավ սարքավորումներ են ձեռք բերել լիզինգի գրեթե զրոյական տոկոսով, որը նպաստում է արտադրության լավարկմանը, որակի բարձրացմանը: Միջազգային շուկաներում նրանք նույնպես սկսել են բավականին մրցունակ լինել:
«Հայաստանում վերամշակվող ադամանդի մեծ մասն արտահանվում է ՌԴ: Նաև Բելգիա և այլ երկրներ ենք արտահանում: Իսկ ոսկերչական զարդերի մեծ մասն արտահանվում է ԱՄԷ, Թաիլանդ և մի շարք այլ երկրներ»,-նշեց նա:
Զաքարյանը կարծում է, որ ինչպես 2025 թվականին, այնպես 2026-ին արդյունաբերության աճի շարժիչ ուժը լինելու է մշակող արդյունաբերությունը:
Նյութն ամբողջությամբ՝ Արմենպրես