Երևան քաղաքի բյուջեում նախատեսվում է որոշակի փոփոխություններ կատարել. քննարկումներ ավագանու նիստում

Երևան քաղաքի բյուջեում նախատեսվում է որոշակի փոփոխություններ կատարել. քննարկումներ ավագանու նիստում

Երևան քաղաքի բյուջեում նախատեսվում է կատարել փոփոխություններ, որոնց շրջանակներում ֆինանսական համահարթեցման սկզբունքով պետական բյուջեից տրամադրվող դոտացիան կկրճատվի 154 մլն դրամով։ Այս մասին մարտի 12-ին մայրաքաղաքի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը։

«Այս փոփոխությունների շրջանակներում սուբվենցիաները կավելանան 160 հազար դրամով։ Դրանք կուղղվեն այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնող անձանց դրամական փոխհատուցումներին։ Պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման բյուջեն առաջարկվում է կրճատել 76 մլն դրամով։ Սա հիմնականում պայմանավորված է վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում արտարժույթի փոխարժեքի տատանումներով»,- ասել է Ավետիսյանը։

Իսկ «Ասֆալտբետոնե ծածկի վերանորոգում և պահպանում» ծրագրի ֆինանսավորումն առաջարկվում է ավելացնել 103 մլն 876 հազար դրամով։ «Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել 1 մլրդ 835 մլն դրամով։ Միջոցները կուղղվեն 37 միավոր մասնագիտացված անիվավոր տեխնիկայի ձեռքբերմանը։