Հայկական և վրացական էներգահամակարգերը կմիանան

Հայկական և վրացական էներգահամակարգերը կմիանան

Կառավարությունն իր մարտի 12–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ԵՄ ՀՆՀ II փուլ» դրամաշնորհային համաձայնագրին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ օդային գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎ ենթակայանից 400 կՎ օդային գծի միջոցով:

Արդյունքում, Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 ՄՎտ-ի, հետագայում, ելնելով տարածաշրջանային շուկայի պահանջարկից, հասցնել մինչև 1050 ՄՎտ-ի:

Նոր էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի ծառայության որակը, զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:

Ծրագրի իրականացման համար կնքված վարկային և դրամաշնորհային միջոցների ընդհանուր առկա բյուջեն առանց հարկերի կազմում է 188,75 մլն եվրո, մինչդեռ 2024թ. նոյեմբերին Խորհրդատուի կողմից ներկայացված Ծրագրի իրականացման համար թարմացված նախահաշվային արժեքը կազմում է 542,75 մլն եվրո։