Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի համար գնում կկատարվի մեկ անձից՝ բրիտանական երկու համալսարաններից

Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի համար գնում կկատարվի մեկ անձից՝ բրիտանական երկու համալսարաններից

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 12–ի նիստում մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին որոշում կայացրեց։

Այս որոշումը պայմանավորված է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի (բացառությամբ՝ երաժշտության բաղադրիչի) ձևավորման համար խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով գնման գործընթաց կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Գնման գործընթացը մեկ անձից գնման ընթացակարգով կազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված է միջազգային բարձր վարկանիշ և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բաղադրիչների մշակման բացառիկ և աննախադեպ փորձ ունեցող կազմակերպություն ներգրավելու պահանջով։

Արդեն յոթերորդ տարին անընդմեջ Լոնդոնի  արվեստների համալսարանը (University of the Arts London, UAL) աշխարհում զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ որպես արվեստի և դիզայնի բակալավրիատի կրթական ծրագրերի լավագույն բուհ, ինչը ևս մեկ անգամ ամրապնդում է նրա հեղինակությունը՝ որպես ստեղծարար ուժի կենտրոն։ QS World University Rankings by Subject 2025 վարկանիշում (արվեստ և դիզայն ուղղությամբ) UAL-ը զբաղեցնում է 2-րդ տեղը զիջելով միայն Արվեստի թագավորական քոլեջին (Royal College of Art), որը մասնագիտացած է միայն հետբակալավրիական կրթության մեջ։

UAL-ն իր գերազանցության մոդելը այլ երկրներում կիրառելու առաքելությունն իրականացնում է որպես «Լոնդոնի արվեստների համալսարան» բարձրագույն կրթության կորպորացիա՝ մատուցելով խորհրդատվական ծառայություններ։

Այս ամենը հաշվի առնելով՝ նպատակահարմար է այդ կազմակերպությունից կատարել խորհրդատվական ծառայությունների գնում մեկ անձից ընթացակարգով՝ միչև 368,778․0 բրիտանական ֆունտ ստեռլինգին (GBP) համարժեք ՀՀ դրամի չափով։

Բացի այդ, «Ակադեմիական քաղաք» ծրագրի  իրականացման շրջանակներում արվեստների կլաստերի երաժշտության բաղադրիչի ձևավորման համար խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով գնման գործընթացը ևս կկազմակերպվի մեկ անձից գնումով։ Այս դեպքում խոսքը Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի (Royal Conservatoire of Scotland, RCS) մասին է։ Այս կոնսերվատորիան համաշխարհային առաջատարներից է կատարողական արվեստների կրթության ոլորտում և աշխարհում այն եզակի հաստատություններից է, որոնք առաջարկում են աստիճանային կրթական ծրագրեր թե՛ կատարողական, թե՛ արտադրական արվեստների (production arts)[1] ուղղություններով։

2016 թվականից ի վեր արդեն իններորդ անգամ RCS-ն ընդգրկվում է QS World University Rankings by Subject վարկանիշի կատարողական արվեստի ուղղությամբ 6-րդ հորիզոնականում։

RCS-ն իր գերազանցության մոդելը այլ երկրներում կիրառելու առաքելությունն իրականացնում է որպես «Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա» երաշխիքով սահմանափակված մասնավոր ընկերություն (private company limited by guarantee)՝ մատուցելով խորհրդատվական ծառայություններ։

Սա հաշվի առնելով նպատակահարմար է կոնսերվատորիայից կատարել խորհրդատվական ծառայությունների գնում մեկ անձից ընթացակարգով՝ միչև 371,325․0 բրիտանական ֆունտ ստեռլինգին (GBP) համարժեք ՀՀ դրամի չափով։