Անորոշություն և կորուստներ տուրիզմի ոլորտում. ինչպե՞ս են հայկական ընկերությունները դիմակայում ճգնաժամին
Թե ինչքան են կորցրել ու կորցնում հայկական տուրիստական ընկերությունները դեռևս հաշվարկ չկա, սակայն Տուրիզմի հայկական ֆերդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշում է՝ կորուստն ակնառու է։ Տնտեսական հետևանքների ամբողջական պատկերը դեռ պետք է հաշվել։ Իրանում սկսված պատերազմի հետևանքով մարտի սկզբին չեղարկված թռիչքները, բնականաբար, չէին կարող չազդել նաև հայկական ընկերությունների վրա։ Տուրիստական գործակալություններն արդեն կանխավճար էին փոխանցել էմիրությունների հյուրանոցներին։ Ֆորսմաժորային իրավիճակում այդ գումարների վերադարձի համար հաճախ դժվարություններ են առաջանում։
Ծովային հանգիստը նախընտրող հայ զբոսաշրջիկների համար Ծոցի երկրները նախընտրելի ուղղություններից են։ Հանգստի հիմնական ուղղություն լինելուց բացի, նաև կարևորագույն տրանզիտային հաբ են դեպի ասիական երկրներ։ «Go Travel» տուրիստական ընկերության արտագնա տուր մենեջեր Մարգարիտա Արամյանը նշում է՝ հիմնական խնդիրը ոչ թե ուղևորությունների չեղարկումն է, այլ դրանց կառավարումը անորոշության պայմաններում․
«Այս պահին մենք հիմնականում իրականացնում ենք օրերի և չվերթների փոփոխություններ։ Հրաժարվողներ գրեթե չկան, մարդիկ ավելի շատ տեղափոխություններ են կատարում։ Մենք փորձում ենք վերահսկել վիճակը բնականաբար ի օգուտ հաճախորդի և արդեն նաև ուղղությունների փոփոխություններ ենք փորձում առաջարկել»։
Եթե իրավիճակը չկայունանա, որպես այլընտրանք տուրօպերատորներն առաջարկում են հարևան երկրներից Վրաստանն ու եվրոպական ուղղությունները։ Սակայն Դուբայ, Աբու Դաբի և Ծոցի այլ երկրներ հանգիստ պլանավորած հայ զբոսաշրջիկներն այս պահին հիմնականում ոչ թե չեղարկում են հանգիստը, այլ հետաձգում։
Քանի դեռ ծովային հանգստի սիրահարները զգուշավորություն են հանդես բերում, մասնագետները հիշեցնում են այլընտրանքի մասին։ Մեխակ Ապրեսյանը նշում է՝ ճգնաժամը կարող է նոր թափ հաղորդել ներքին տուրիզմի զարգացմանը: