Ոռոգման սեզոնին ընդառաջ՝ հանդիպում «Ջրառ», «Մելիորացիա» ՓԲԸ-ների և ՋՕԸ-ների հետ
Ջրային կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում «Ջրառ», «Մելիորացիա» ՓԲԸ-ների և ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) տնօրենների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոռոգման սեզոնին ընդառաջ իրականացվող գարնանային նախապատրաստական աշխատանքների ընթացքը և ոլորտում առկա հրատապ խնդիրները։
ՋՕԸ-ների տնօրենները ներկայացրել են առաջիկա ոռոգման սեզոնի հիմնական մարտահրավերները, ներտնտեսային ջրանցքների մաքրման և վերանորոգման ընթացքը, ինչպես նաև ջրամատակարարման կազմակերպմանն առնչվող հարցեր։
«Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը խոսել է ջրառի հանգույցների և հիմնական ջրատար համակարգերի պատրաստվածության մասին՝ անդրադառնալով իրականացված վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներին։
«Մելիորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Սասուն Միրոյանը ներկայացրել է արդեն մեկնարկած աշխատանքները, ինչպես նաև գրունտային ջրերի մակարդակի և որակի որոշման աշխատանքների ընթացիկ արդյունքները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոռոգման համակարգի արդյունավետ շահագործմանն ուղղված քայլերին և կառույցների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանը։
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը կարևորել է «Ջրառ» և «Մելիորացիա» ՓԲԸ-ների ու ջրօգտագործողների ընկերությունների միջև համակարգված և պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով, որ այդ համագործակցությունը կարևոր նախապայման է ոռոգման համակարգի կայուն և արդյունավետ գործարկման, ինչպես նաև պետական միջոցների նպատակային օգտագործման համար։