Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք ենթակառուցվածքների և էներգետիկայի հարցեր. Բայրաքթար
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն X-ի իր էջում անդրադարձել է նախօրեին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ իր հանդիպմանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք ենթակառուցվածքների և էներգետիկայի հարցեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը: Ներառվում են համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են միջտարածաշրջանային էլեկտրաէներգետիկ ցանցերը, ատոմային էներգետիկան և բնական գազը»,- նշել է թուրք պաշտոնյան»։
Ավելի վաղ հայտնել էր, որ Դավիթ Խուդաթյանը մարտի 10–ին, Փարիզում հանդիպում է ունեցել Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։ «Ի շարունակություն անցած տարի հունիսին Ստամբուլում կայացած հանդիպման՝ քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Ընդգծելով երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը՝ քննարկել ենք հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները»,- հայտնել է Խուդաթյանը: