Հայաստանը կարող է դառնալ Ասիան և Եվրոպան կապող կարևոր ցամաքային հանգույց․ չինացի փորձագետ
Չինաստանի «China Briefing» տեղեկագրի հիմնադիր, քաղաքական և տնտեսական վերլուծաբան Շեն Շիվեյը «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում անդրադարձել է հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, տնտեսական համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանի դերակատարությանը տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ նախագծերում։
Նրա գնահատմամբ՝ 2025 թվականին երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատումը երկկողմ հարաբերությունները բարձրացրել է նոր մակարդակի և ամուր հիմք ստեղծել առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության խորացման համար։
-Ի՞նչպես եք գնահատում հայ–չինական հարաբերությունների ներկա վիճակը, մասնավորապես ՝ առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության ոլորտում:
-Հայ-չինական հարաբերությունները հասել են պատմական նոր առավելագույնին, որը նշանավորվել է 2025 թվականին ռազմավարական գործընկերություն հաստատելու երկու երկրների միաձայն որոշմամբ: Այս կարևոր հանգրվանը նոր մակարդակի է բարձրացնում երկկողմ հարաբերությունները և հստակ ռազմավարական ուղղություն է ապահովում առևտրա-ներդրումային և տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման համար՝ ամուր քաղաքական հիմք դնելով կայուն և երկարաժամկետ գործնական համագործակցության համար:
-Հայաստանի տնտեսության ո՞ր ճյուղերը, ըստ Ձեզ, չինական ընկերությունների և ներդրողների հետ համագործակցության ամենամեծ ներուժն ունեն:
-Հայաստանը մեծ ներուժ ունի ներդրումներ կատարելու և բիզնեսը զարգացնելու համար գյուղատնտեսական տեխնոլոգիաներ արտադրող չինական ձեռնարկություններին ներգրավելու համար, ինչը կօգնի արագացնել Հայաստանի գյուղատնտեսության արդիականացումը: Առաջնահերթ ոլորտները ներառում են նաև ենթակառուցվածքները, տրանսպորտը և լոգիստիկան՝ կապի խնդիրները լուծելու համար, ինչպես նաև վերականգնվող էներգիան և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը:
-Ի՞նչպես եք գնահատում տարածաշրջանային կապերի բարելավմանն ուղղված Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Հայաստանի հետ համագործակցության պոտենցիալ ոլորտներ տեսնո՞ւմ եք:
-«Խաղաղության խաչմերուկ»-ը կառուցողական նախաձեռնություն է, որը համապատասխանում է տարածաշրջանային փոխկապակցվածության վերաբերյալ Չինաստանի պատկերացումներին: Չինաստանը աջակցում է այս նախաձեռնությանը և համագործակցության մեծ ներուժ է տեսնում, հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների, միջսահմանային լոգիստիկայի և մաքսային ընթացակարգերի պարզեցման ոլորտներում: Դա կարող է օգնել Հայաստանի աշխարհագրական դիրքը կապել «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ՝ նպաստելով Եվրասիայի հետ փոխգործակցության բարելավմանը։
-Արդյոք տեսնո՞ւմ եք Հայաստանի համար դերակատարություն չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունում, մասնավորապես, տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ ցանցերում:
-Անշուշտ։ Լինելով «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության առաջին աջակիցներից մեկը՝ Հայաստանը կարող է զգալիորեն օգուտ քաղել տրանսպորտային հաղորդակցության բարելավումից։ Շնորհիվ Չինաստանի մասնակցության այնպիսի ենթակառուցվածքային նախագծերում, ինչպիսին է Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, Հայաստանը կարող է դառնալ առանցքային ցամաքային հանգույց` նպաստելով Ասիայի և Եվրոպայի միջև մուլտիմոդալ տրանսպորտային կապերի օպտիմալացմանը։
-Կարո՞ղ է արդյոք Հայաստանը դառնալ հուսալի տարանցիկ գործընկեր Ասիան և Եվրոպան կապող Միջին միջանցքի համատեքստում:
-Այո: Բարելավված տրանսպորտային ենթակառուցվածքի և կայուն քաղաքական միջավայրի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ հուսալի տարանցիկ գործընկեր: Դա կարող է օգնել դիվերսիֆիկացնել Միջին միջանցքի երթուղիները և բարձրացնել Եվրասիական լոգիստիկայի ընդհանուր կայունությունը։
-Ի՞նչ գործոններ կարող են նպաստել առաջիկա տարիներին Հայաստանում չինական ներդրումների ավելացմանը:
-Հիմնական գործոններն են ներդրումային միջավայրի հետագա բարելավումը, վարչական և մաքսային ընթացակարգերի պարզեցումը, «Գոտի և ճանապարհ»-ի և Հայաստանի զարգացման ռազմավարությունների միջև քաղաքականության համակարգման ուժեղացումը, ինչպես նաև միջսահմանային առևտրի ծախսերի նվազեցման համար փոխգործակցության բարելավումը: Ավելի լավ մուտքը դեպի հարևան և տարածաշրջանային շուկաներ նույնպես կգրավի ավելի շատ չինացի ներդրողների:
-Ի՞նչ եք կարծում Հայաստանն ունի՞ չինացի զբոսաշրջիկների համար գրավիչ վայր դառնալու ներուժ: Ո՞ր քայլերը կարող են նպաստել երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը:
-Այո: Հայաստանի պատմական ժառանգությունը, բնական լանդշաֆտները և յուրահատուկ մշակույթը շատ գրավիչ են չինացի զբոսաշրջիկների համար: Վիզաներից փոխադարձ ազատման համաձայնագիրը և երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթներն ամուր հիմք են դրել։ Երկկողմ զբոսաշրջությունն էլ ավելի խթանելու համար Հայաստանը պետք է ինտեգրի իր սեփական զբոսաշրջային ռեսուրսները հարևան երկրների ռեսուրսների հետ, որոնք նաև վիզային արտոնություններ են առաջարկում Չինաստանի քաղաքացիներին, ստեղծի յուրահատուկ ապրանքանիշեր և ձևավորի զբոսաշրջային պրոդուկտների ավելի որակյալ կլաստեր: Բացի այդ, չինական զբոսաշրջային հարթակներում հետագա առաջխաղացումը և զբոսաշրջային ծառայությունների բարելավումը նույնպես կօգնեն խթանել երկկողմ զբոսաշրջությունը:
-Ինչպե՞ս կարող է Հայաստանն ավելի շատ ներգրավել չինական ընկերություններին, հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին:
-Հայաստանը կարող է ավելի շատ ներգրավել չինական փոքր և միջին ձեռնարկություններին ՝ տրամադրելով պարզեցված գրանցում, հստակ ներդրումային քաղաքականություն և հասցեական աջակցություն լոգիստիկայի և շուկաների հասանելիության ուղղությամբ: Գործարար կապեր հաստատելու միջոցառումների անցկացումը և հաջող համագործակցության փորձի փոխանակումը նույնպես կօգնեն վստահություն ստեղծել չինական ձեռնարկությունների շրջանում:
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հնարավորությունները Եվրոպայի և Ասիայի միջև տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործում:
-Հայաստանը կարող է դառնալ Եվրասիական տնտեսական ինտեգրման կարևոր օղակ: Բարելավելով տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունը՝ Հայաստանը կարող է նպաստել Եվրոպայի և Ասիայի միջև ապրանքների, կապիտալի և անձնակազմի ավելի արդյունավետ տեղաշարժին՝ աջակցելով տարածաշրջանային ավելի սերտ տնտեսական համագործակցությանը:
Նյութն ամբողջությամբ՝ Արմենպրես