«Զարթիր Ֆելոուշիփ». 8-րդ շրջափուլի հայտերն ընդունվում են

«Զարթիր Ֆելոուշիփ».  8-րդ շրջափուլի հայտերն ընդունվում են

Մեկնարկել է «Զարթիր Ֆելոուշիփ» մեկամյա ինկուբացիոն ծրագրի 8-րդ շրջափուլի հայտերի ընդունումը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Whitt Family Foundation-ի կողմից և իրականացվում է Impact Hub Yerevan-ի կողմից։

Ծրագրի առաքելությունն է աջակցել սոցիալական ձեռներեցներին, հետազոտողներին, անհատներին և կազմակերպություններին, որոնք գործունեություն են ծավալում հետևյալ ոլորտներում (բայց չսահմանափակվելով դրանցով)՝ մայրական բարեկեցություն, երեխաների խնամք, ընտանեկան բռնության կանխարգելում, կենդանիների իրավունքներ, աջակցություն վետերաններին, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն և այլ հրատապ սոցիալական խնդիրներին ուղղված գաղափարներ:

Impact Hub Yerevan-ը 2018 թվականից ակտիվորեն համագործակցում է Whitt Family Foundation-ի հետ՝ աջակցելով ավելի քան 100 անհատների սոցիալական ձեռնարկությունների և նախաձեռնությունների զարգացման գործում։

Ծրագրի շրջանակում մասնակիցները կստանան բիզնեսի զարգացմանն ուղղված նպատակային դասընթացներ, մասնագիտական մենթորություն, ինչպես նաև հնարավորություն կստանան միանալ Impact Hub Yerevan համայնքին և օգտվել համատեղ աշխատանքային տարածքից։ Բացի այդ, մասնակիցներին կտրամադրվի փորձի փոխանակման և նոր մասնագիտական կապեր հաստատելու հնարավորություն։

Ծրագրի վերջում լավագույն մասնակիցներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ մինչև 1000 ԱՄՆ դոլարի չափով՝ հիմնվելով վերջնական ներկայացման արդյունքների վրա։

Ծրագրին կարող են դիմել սկսնակ ձեռներեցներ, վաղ փուլում գտնվող ստարտափներ և նորարարներ՝ ինչպես անհատներ, այնպես էլ թիմեր՝ անկախ նրանից, արդյոք արդեն գրանցված են որպես բիզնես, թե ոչ։ Կարևոր պայման է ծրագրի բոլոր միջոցառումներին մասնակցելու պատրաստակամությունը։

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 30-ն է, 2026թ․, ժամը՝ 23:59։ Ծրագիրը կմեկնարկի 2026 թվականի ապրիլին և կավարտվի 2027 թվականի մարտին։

Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, իսկ վերջնական ընտրությունը կիրականացնի ժյուրին՝ կազմված Whitt Family Foundation-ի և Impact Hub Yerevan-ի ներկայացուցիչներից։