Վանաձորում մեկ տարվա դադարից հետո կայացել է ավագանու նիստ
Վանաձորում մոտ մեկ տարվա դադարից հետո ավագանու 17 անդամի մասնակցությամբ մարտի 9-ին կայացել է ավագանու նիստ։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը ֆեյսբուքի էջում՝ տեսանյութում հայտնել է, որ ավագանու նիստում հաստատվել է մոտ 32 մլն դոլար արժողությամբ ծրագրային փաթեթ, որն աննախադեպ ծավալ է մարզկենտրոնի պատմության ընթացքում։
Ըստ նրա, Վանաձորի կառավարման ճգնաժամը լուծված է։ 5 ամիս շարունակ տասնյակ հանդիպումներ, ժամեր տևած քննարկումներ եմ ունեցել ավագանու նիստի կայացման նպատակով` հավատալով, որ հանուն Վանաձորի զարգացման ավագանու նիստը կայանալու է։
Հաստատվել է մոտ 32 մլն դոլար արժողությամբ ծրագրային փաթեթ, որն աննախադեպ ծավալ է մարզկենտրոնի պատմության ընթացքում:
Մկրտչյանի խոսքով՝ ձեռք կբերվի 45 նոր ժամանակակից ավտոբուս, 100 նոր վերելակ, կհիմնանորոգվի 150 բակ և Վանաձորի խորհրդանիշներից մեկը՝ քաղաքային լճերը՝ շատրվանների անցկացմամբ։
Վանաձորի մանկապարտեզները դառնում են անվճար, կհիմնվի ատրակցիոն պարկ՝ Սայաթ-Նովայի անվան զբոսայգում, կհիմնանորոգվեն և կբարեկարգվեն Վանաձորի կենտրոնական Հայկի հրապարակը, Թումանյանի հրապարակը, Կոմիտասի հրապարակը և Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգին:
Շահումյան համայնքում կկառուցվի մանկապարտեզ, այդ թվում նաև թիվ 7 մանկապարտեզի նոր մասնաշենքը: Կլինի աննախադեպ ծավալի՝ 42 փողոցի հիմնանորոգում: Դրանց մեծ մասը հիմնանորոգվել է 1980-ական թվականներին, դրանք հիմա գտնվում են խիստ անբարեկարգ վիճակում: Ծրագրի շրջանակում կիրականացվի նոր կանգառասրահների կառուցում, Շահումյան բնակավայրի լուսավորության համակարգի անցկացում՝ 3 կմ երկարությամբ, Վանաձոր համայնքի մի շարք թաղամասերում կոյուղագծերի կառուցում՝ 5 կմ երկարությամբ: