Ծաղկաշենում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 5 ծրագիր է իրականացվել
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ծաղկաշեն գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 5 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 394 միլիոն 999 հազար դրամ։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ծրագրերից 3-ը սուբվենցիոն են՝ 28 միլիոն 439 հազար դրամ ընդհանուր արժեքով, 1-ը՝ պետական՝ 166 միլիոն 560 հազար դրամ արժեքով և 1-ը՝ համայնքային՝ 200 միլիոն դրամ արժեքով։
Իրականացված ծրագրերի արդյունքում Ծաղկաշենում 2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 1500 մետր արտաքին լուսավորության ցանց, Գավառի բնության և պատմության հուշարձանների տեսքով գովազդային վահանակներ կրող ավտոսպասարկման կանգառ, մանկական խաղահրապարակ, 10600 մետր խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցեր, քլորակայան, աղբյուրակապեր, հիմնանորոգվել խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարը։
Ծաղկաշենի խմելու ջրամատակարարման համակարգն արդիականացվել է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով, 166 միլիոն 560 հազար դրամ արժեքով, 2022-2024 թվականների ընթացքում։
2025 թվականից Ծաղկաշեն գյուղում ընթանում են վարչական ղեկավարի գրասենյակի և երեխաների ու երիտասարդների համար ժամանցի կազմակերպման նոր շենքի կառուցման աշխատանքները, 200 միլիոն դրամ արժեքով, որն ամբողջությամբ հատկացվում է Գավառ համայնքի 2025 և 2026 թվականների բյուջեներից։ Շենքը միաժամանակ ունենալու է մանկապարտեզի կազմակերպման տարածք։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1244252