Մենք ամեն տարի Երևանում հիմնարար նորոգվող ճանապարհների քանակն ավելացնելու ենք. Ավինյան

Մենք ամեն տարի Երևանում հիմնարար նորոգվող ճանապարհների քանակն ավելացնելու ենք. Ավինյան

Երևանի քաղաքապետարանը պլանավորում է մայրաքաղաքում փոսային աշխատանքներից անցում կատարել ճանապարհների հիմնարար նորոգումների։

Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու դեպքում մենք, կարելի է ասել, մի քանի տարով ասֆալտի որակի խնդիրը կարողանում ենք լուծել։ Բայց մեր ճանապարհային ցանցի հիմնական խնդիրը նրանում է, որ մենք ունենք շատ փողոցներ, որոնց հիմնարար աշխատանքը՝ գրունտային աշխատանքը, ի սկզբանե լավ արված չի։ Այսինքն՝ ինչ-որ մի լուծում է տրված, և պարզ է, որ որոշակի պարբերականությամբ առաջանալու են խնդիրներ։ Մեր հիմնական խնդիրը  նրանում է, որ փոսային աշխատանքներից անցում կատարենք հիմնարար նորոգումների։ Մենք ամեն տարի հիմնարար նորոգվող ճանապարհների քանակն ավելացնելու ենք»,- նշել է Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

Անդրադառնալով փոսալցման աշխատանքների նկատմամբ վերահսկողության մասին հարցին՝ Ավինյանն ասել է. «Մեզ մոտ մի կարևոր սկզբունք է դրված՝ եթե աշխատանքը սկզբից մինչև վերջ չի տեսա-լուսանկարահանվում, արված փոսային աշխատանքի համար վճարում չենք անում»։

Հարցին, թե ե՞րբ են Երևանում լինելու նոր տեխնոլոգիաներով բարեկարգված ու ասֆալտապատ ճանապարհներ, Ավինյանը պատասխանել է. «Հիմնարար աշխատանքներ Երևանում իրականացվում են 2023 թվականից, բայց կարծում եմ, որ այն ֆինանսական միջոցները, որ մենք գեներացնում ենք վերջին տարիներին, թույլ են տալիս մեզ ասֆալտապատման աշխատանքների ծավալներն ավելացնել։ Կարելի է ասել, որ որոշ ժամանակ մենք կունենանք նույն իրավիճակը, որ ունենք հանրապետական մակարդակով»։

Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև 2026 թվականի ձմռան ամիսներին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների փողոցներում ձյան տեղումներից հետո առաջացած փոսերին։ «Հիմնականում փոսերն առաջացել են ոչ թե նախորդ տարի կամ 2024 թվականին ասֆալտապատված կամ միջին նորոգման ենթարկված հատվածներում, այլ այն հատվածներում, որտեղ քաղաքապետարանը որևէ բան չի արել։ Երևանում ճանապարհային ցանցը մոտավորապես 1200 կիլոմետր է, և իրականում մենք տարվա ընթացքում հասցնում ենք լավագույն դեպքում հիմնանորոգել կամ միջին նորոգման աշխատանք անել մոտավորապես 50 կիլոմետրի վրա։ Բայց մեր հիմնական նպատակն այն է, որ այդ թիվը տարեցտարի ավելացնենք, որովհետև միջին նորոգման դեպքում այդ հատվածներում փոսալցման մեծ խնդիր չենք ունենում»։