Կգործի անհատական բնակելի տների կառուցման պարզեցված ընթացակարգ. Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է ծրագիրը
Հայաստանի կառավարությունն իրականացնում է բնակարանային շինարարության խրախուսման և բնակապահովման աջակցության տարբեր ծրագրեր։ Այս տրամաբանության շրջանակում Քաղաքաշինության կոմիտեն պարզեցրել է անհատական բնակելի տների կառուցման ընթացակարգը, ինչը լրացուցիչ խթան կլինի հատկապես մարզերում շինարարության ակտիվացման համար։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը՝ նշելով, որ պարզեցված ընթացակարգից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք ցանկանում են կառուցել 300 քմ մակերեսը չգերազանցող` մինչև 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ ունեցող բնակելի տուն և 50 քմ չգերազանցող օժանդակ շինություն։ Կարևոր պայմանն այն է, որ տունը պետք է կառուցվի ոչ ձեռնարկատիրական նպատակով և քաղաքացուն պատկանող հողամասի սահմաններում, որը համապատասխանում է բնակելի կառուցապատման նպատակային և գործառնական նշանակությանը։
«Ստեղծվում է հնարավորություն, որ քաղաքացին թվային հարթակում առանց խոչընդոտների, կարճ ժամանակում ստանա տուն կառուցելու համար անհրաժեշտ թույլտվության բոլոր փաստաթղթերը»,-ընդգծում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը։Գործընթացը կանոնակարգող ՀՀ կառավարության որոշումն ընդունվել է 2025թ տարեվերջին, սակայն մինչև 2026թ. հունիսի 1-ը պետք է կառուցապատման թույլտվությունների urban.permits.e-gov.am հարթակում կատարվեն անհրաժեշտ ծրագրային կարգավորումները, որից հետո միայն կգործի պարզեցված ընթացակարգը։
«Առաջիկա ամիսներին կարգավորումներն ավարտելուց հետո գործելու է թվային հարթակում նախագծման թույլտվության կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքի (ՃՀԱ), շինարարության թույլտվության և ավարտական ակտի (շահագործման թույլտվության) ինքնաշխատ ձևավորման հնարավորություն։ Ընդ որում՝ նշված քաղաքաշինական փաստաթղթերը թվային հարթակում տրամադրելու առավել սեղմ ժամկետներ են սահմանվել։ Ավելին՝ եթե այդ ժամկետներում համայնքի ղեկավարը չհասցնի հաստատել բոլոր հայտերը, համակարգը դրանք կձևավորի ինքնաշխատ եղանակով։ Դա հետագայում խնդիրներ չի առաջացնի, քանի որ թույլտվությունների տրամադրման հիմքերը նախապես սահմանված են»,-նշեց նա:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը նշեց, որ հաջորդ պարզեցումն այն է, որ նախագծային պահանջները հայտնի են լինելու նախապես. նախագծման թույլտվություն (ՃՀԱ) ստանալու համար լրացված հայտը հասանելի է լինելու համայնքի պաշտոնական կայքում։ «Դա հնարավոր է շնորհիվ բոլոր բնակավայրերի համար արդեն մշակված և հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի։ Գլխավոր հատակագծեր և գոտևորման նախագծեր ներառող քաղաքաշինական ծրագրային այդ փաստաթղթերում կան յուրաքանչյուր տարածքում կառուցապատմանը ներկայացվող բոլոր պահանջները՝ կառուցապատման տոկոս, հարկայնություն, հեռավորություն, հակահրդեհային պահանջներ, տանիքի ձև, շինարարական նյութերի տեսակներ և այլն»,-բացատրեց Նունե Պետրոսյանը։
Նյութն ամբողջությամբ՝ Արմենպրես