Արմենպրես. Իրանում ծավալվող իրադարձությունների ֆոնին ո՞ր երկրները կարող են դառնալ դեպի Հայաստան սննդամթերքի այլընտրանքային մատակարարներ
Մերձավոր Արևելքում ռազմական դիմակայության հետագա սրացումը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա նաև Հայաստանի տնտեսության վրա, որը տարբեր ուղղություններով այս կամ այն կերպ ներգրավված է տարածաշրջանի երկրների հետ տնտեսական հարաբերություններում։ Հետզհետե ընդլայնվող պատերազմի առաջին ազդեցությունը մեզանում կարող է դրսևորվել սպառողական շուկայում՝ վաճառասեղաններին ներկայացված որոշ ապրանքների թանկացման կամ տեսականու կրճատման տեսքով։ Իրանը, որտեղից Հայաստանը ներկրում է տարատեսակ սննդամթերք, հայտարարել է դրա արտահանման անժամկետ արգելք սահմանելու մասին։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կանխատեսելի և օրինաչափ որակեց այս որոշումը պատերազմող երկրի համար, որը բավարար քանակությամբ պարեն կուտակելու և բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու կենսական խնդիր է լուծում։ Հարցին՝ այդ քայլն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի սպառողական շուկայի վրա, տնտեսագետը պատասխանեց․
«Մեր երկիրը վերջին տարիներին մեծ ծավալի բանջարեղեն, միրգ, կաթնամթերք և այլ սնունդ է ներկրել Իրանից։ Դա զգալի էր հատկապես ձմեռային և գարնանային ամիսներին, երբ Հայաստանում պարենի արտադրության ծավալները սահմանափակ են կամ տեղական արտադրանքի գինն ավելի բարձր է։ Հայաստանի վաճառակետերում, կարծում եմ, հիմա էլ դեռ առկա է Իրանից ներկրված գազարը, սոխը, այլ բանջարեղենը, կանաչեղենի տեսականին, տանձը, խնձորը, խաղողը, ցիտրուսները և այլ մրգեր։ Իրանը բավականին մատչելի և որակյալ բանջարեղեն ու միրգ մատակարարող երկիր է մեզ համար։ Չմոռանանք նաև, որ 90-ական թվականներին Իրանից սննդամթերքի զգալի ծավալի ներկրման շնորհիվ խուսափեցինք պարենային լուրջ խնդիրներից»,- ասաց նա։
Սուրեն Պարսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ թեպետ ներկայում Հայաստան պարենի ներկրման գործընթացն ավելի դիվերսիֆիկացված է, այնուհանդերձ, մի շարք ապրանքատեսակների մասով մեր երկիրը զգալի կախվածություն ունի Իրանից։
«Դա մեծ է հատկապես կաթնամթերքի պարագայում։ Իրանից ներկրում ենք յոգուրտներ, պանիր, կաթնային հումք, օրինակ, սերուցք, որից պատրաստվում է կարագ, ինչպես նաև կաթի փոշի, որը նույնպես լայնորեն կիրառվում է տարատեսակ սննդամթերքի արտադրությունում։ Ներկրում ենք նաև սննդային տարբեր յուղեր և ձեթի տեսականի։ Այնպես որ, Իրանը մեզ համար բավականին լուրջ գործընկեր է, իսկ այդ երկրից արտահանման արգելքը կամ սահմանի փակվելն անմիջապես և միանշանակ կազդի Հայաստանի սպառողական շուկայում ապրանքների գների վրա։ Եթե այս ամենը երկար տևի և Հայաստանը չկարողանա գտնել համարժեք այլ մատակարարներ, ապա ներքին շուկայում կունենանք գնաճ»,- նկատում է տնտեսագետը։
Նա համարում է, որ Հայաստան սննդամթերքի այլընտրանքային մատակարարներ կարող են դառնալ, օրինակ, Թուրքիան և, մասամբ, Վրաստանը։
«Այս պահին այլընտրանքային շուկաներ գտնելը դժվար է, բայց ոչ անհնար։ Դժվարանում եմ ասել, թե որքանով այդպիսին կարող է դառնալ Ռուսաստանը, որն ինքն էլ միրգ ու բանջարեղեն է ներկրում տարբեր երկրներից։ Վրաստանում այս մթերքներն առկա են, բայց ավելի թանկ են։ Դա չի նշանակում, որ Հայաստանը պարենային խնդիր կունենա․ պարզապես ստիպված կլինի ավելի թանկ գնով ձեռք բերել որոշ ապրանքներ, ինչն էլ ներքին շուկայում կարող է հանգեցնել գների աճի։ Հատկապես գարնանը, երբ հայրենի գյուղատնտեսական արտադրանքը դեռ ներկայացված չէ շուկայում, իսկ նախորդ տարվանը՝ սպառվելու եզրին է։ Դա վերաբերում է նույն կարտոֆիլին, մրգերի տարբեր տեսակներին, որոնց մշտական առկայությունն ապահովվում էր այդ թվում Իրանի միջոցով»,- նշեց մեր զրուցակիցը։
Սուրեն Պարսյանն ընդգծեց, որ այս պահին դեռևս անհնար է գնահատել ստեղծված իրավիճակի ամբողջական բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։
«Հաշվարկներ դեռ չենք կարող ներկայացնել, քանի դեռ չեն կատարվել ազդեցության չափի վերաբերյալ ամբողջական ուսումնասիրություններ։ Չմոռանանք, որ Հայաստանն ապրանքների որոշակի արտահանում է իրականացնում նաև Պարսից ծոցի այլ երկրների։ Օրինակ, մեծ քանակությամբ ոսկի, ադամանդներ, գյուղատնտեսական մթերք և այլ ապրանքներ ենք արտահանում Արաբական Միացյալ Էմիրություններ, որը մեզ համար բավականին մեծ շուկա է։ Բացի այդ, Իրանի տարածքով են Հայաստան հասնում Հարավարևելյան Ասիայի և աշխարհամասի մյուս երկրներից ներկրվող բեռները, որոնց առումով նույնպես կարող են խնդիրներ ծագել։ Այլ ուղիներով դրանց ներկրումը լինելու է ավելի ծախսատար և ժամանակատար, ստիպված ենք լինելու ավելի շատ վճարել»,- նկատեց նա։
Տնտեսագետի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը նաև հանգեցնելու է տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի սառեցմանը կամ դադարեցմանն՝ անորոշ ժամկետով։ Միաժամանակ, ըստ մասնագետի, պատերազմի հետևանքով տարածաշրջանն ունենալու է ներդրումային գրավչության բավականին լուրջ կորուստ։
«Այս տարածաշրջանից գումարներն արտահոսելու են դեպի ավելի խաղաղ երկրներ և վայրեր։ Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը որոշ ժամանակ ունենալու է ներդրումների կորուստ, որոնցից օգտվում էր նաև Հայաստանը։ Պատերազմը փլուզեց տարածաշրջանի ներդրումային ճարտարապետությունը, որը հետագայում վերականգնելու կամ նորը կառուցելու անհրաժեշտություն է առաջանալու»,- գտնում է Սուրեն Պարսյանը։
Այն հարցին, թե վերջին հանգամանքը կարո՞ղ է դեպրեսիվ ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա կամ հանգեցնել հայկական դրամի կտրուկ արժեզրկմանը՝ տնտեսագետը պատասխանեց․
«Տեսեք, նույն ԱՄԷ-ից Հայաստանը գումար է ստանում, օրինակ, ոսկու վաճառքից։ Դա մեր տնտեսությունն ապահովում է արտարժույթի որոշակի ծավալով։ Բացի այդ, Հորմուզի նեղուցի փակ լինելու պատճառով համաշխարհային շուկայում աճում են էներգակիրների գները, ինչը նույնպես ազդելու է դոլարի փոխարժեքի վրա։ Այսինքն, էներգակիրների գների թանկացմանը զուգահեռ դոլարի նկատմամբ պահանջարկն ավելանալու է։ Դա, անշուշտ, հանգեցնելու է ամերիկյան արժույթի գնի համընդհանուր աճի։ Սա էլ իր հերթին կարող է ազդել նաև հայկական դրամի փոխարժեքի վրա, որը, իհարկե, պայմանավորված չէ միայն այս գործոնով, բայց դա կարող է գործոններից մեկը դառնալ։ Ընդհանրապես, պատերազմական իրավիճակներում մարդիկ նախընտրում են իրենց գումարը վերածել արժույթի և տեղափոխել այլ երկրներ։ Այդպիսին է ճգնաժամային իրավիճակներում ներդրողների ընդհանուր վարքագիծը»,- եզրափակեց Սուրեն Պարսյանը՝ հավելելով, որ այս ընթացքում Հայաստանն առնչվելու է բազմաթիվ հարցերի, սակայն ցանկացած պարագայում հույժ կարևոր է պահպանել քաղաքական, տնտեսական և այլ կապերը Իրանի հետ ու փորձել նվազագույն կորուստներով հաղթահարել այս փորձությունը։