ՄԱԿ-ի Բնակչության և ՕքսԵՋեն հիմնադրամները նախաձեռնել էին միջոցառում՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ
2026 թ. մարտի 4-ին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և ՕքսԵՋեն հիմնադրամը, Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, նախաձեռնեցին «Կրկնակի հերթափոխ. անձնական պատմություններից՝ լուծումներ և գործընկերություն» խորագրով միջոցառումը։
Միջոցառման նպատակն էր խոսել կանանց իրավունքների մասին՝ մասնավորապես անդրադառնալով ընտանիքը և աշխատանքը համատեղելու, կանանց կրկնակի ծանաբեռնվածության, աշխատանքի անհավասար բաշխման հիմնահարցերին, ինչպես նաև բարձրաձայնել Հայաստանի ժողովրդագրական կայունության համար ընտանիքամետ, գենդերային զգայուն քաղաքականությունների կարևորության մասին։
Միջոցառումը նախաձեռնվել էր «Ժողովրդագրական դիմակայունություն. կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում՝ տվյալահեն քաղաքականությունների միջոցով» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից և ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից։
Միջոցառումը մեկնարկեց «Ուրու» երաժշտական խմբի կատարումներով և «Կրկնակի հերթափոխը» ցուցահանդեսով, որն արտապատկերում է տանը և աշխատավայրում կանանց ներգրավվածության խնդիրները:
Միջոցառմանը բացման խոսքերով հանդես եկան Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ն․ Գ․ Ալեքսանդրա Քոուլը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Ֆրանսուազ Ժակոբը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Լուսինե Սարգսյանը:

Ն․ Գ․ Ալեքսանդրա Քոուլը, անդրադառնալով կանանց կրկնակի զբաղվածությանը աշխատավայրում և տանը, ասաց. «Անկախ նրանից՝ մենք դա կանվանենք «հուզական աշխատանք», թե «կրկնակի հերթափոխ», ինչն իրականում շատ դիպուկ է, այնուամենայնիվ, դա հսկայական ավանդ է հասարակության համար։ Ավանդ, որը միշտ չէ, որ տնտեսապես հաշվի է առնվում, և ավանդ, որը պարտադիր չէ, որ արտացոլվի կանանց կյանքը ձևավորող քաղաքականությունների մեջ։ Երբ կանայք լիարժեք աջակցություն են ստանում, դրանից շահում են ամբողջական համայնքներ։ Միացյալ Թագավորության կառավարությունը հպարտ է աջակցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աշխատանքին՝ այս առանցքային խնդիրը հանրայնացնելու գործում։»

«Խնամքի ամբողջ պատասխանատվությունը միայն ու միայն դեռևս կանանց ուսերին է։ Այդ ծանրաբեռնվածությունը նրանց սահմանափակում է սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի մասնակցությունից։ Վաղուց ժամանակն է ներդնել միջոցներ, որոնք կբերեն հավասարությունը կյանքի կոչելուն... Սիրելի կանայք, եղեք համարձակ, երբ ստանում եք առաջարկներ ինչ-որ բան առաջնորդելու, ինչ-որ բաներ հեղինակելու։ Տասնհինգ-քսան անգամ կտրել-չափելը ի օգուտ հանրության ու հասարակության չէ։ Եղեք համարձակ, եղեք առողջ հասարակության կերտման հիմքում, որովհետև անձի ջանքը տանելու է ավելի լավ պետության ստեղծմանը։» - ասաց նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Ֆրանսուազ Ժակոբը նշեց, որ գենդերային հավասարության հետ կապված իրավիճակը թեև իդեալական չէ, բայց Հայաստանում առաջընթաց կա։ Նա անդրադարձավ նաև մի կարևոր թեմայի՝ կայուն խաղաղության կառուցմանը, որտեղ պակասում է կանանց ներգրավվածությունը։
«Կայուն խաղաղություն կառուցելու համար մեզ անհրաժեշտ են ենթակառուցվածքներ, մեզ անհրաժեշտ են ներդրումներ, մեզ անհրաժեշտ են աշխատատեղեր... Բայց մենք նաև պետք է աշխատենք մարդկանց հետ։ Եվ մենք պետք է կանանց չափազանց խորը և էականորեն ներգրավենք խաղաղությանը վերաբերող քննարկումներում։ Ի՞նչ է նշանակում խաղաղությունը մեզ համար։ Ի՞նչ է նշանակում խաղաղությունը մեր համայնքում։ Ի՞նչ է նշանակում խաղաղությունը մեր ընտանիքում», – ասաց Մշտական համակարգողը։
ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը նշեց. «Չափազանց կարևոր է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ, առանց առանձնացնելու՝ կանայք, տղամարդիկ, քաղաք, համայնք, միասին, համահունչ առաջ գնանք։ Եվ ես լիահույս եմ, որ կանանց և տղամարդկանց իրական իրավահավասարությունը, համերաշխությունը, աշխատանքի հավասար բաշխումը կարող է բերել այն լավ հավասարակշռությանը, որին, ըստ էության, մենք ձգտում ենք։»
Միջոցառման բացմանը հաջորդեց «Ամեն օր նույն օրը» վավերագրական ֆիլմը, որը հինգ տարբեր կանանց պատմություններ էր պատմում, «Կրկնակի հերթափոխից ընտանիքամետ քաղաքականություններ. անձնական պատմությունների ներկայացում և առկա կարիքներ, քաղաքականություններ Հայաստանում» խորագրով քննարկումը, որին կմասնակցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, «Հալէպ» խանութների ցանցի հիմնադիր Ալին Մասրլիանը, Ծրագրի շահառու Մոնիկա Գրիգորյանը, ինչպես նաև ՄԱԲՀ տարածաշրջանային գրասենյակի փորձագետ Գաբրիելա Ալվարես Մինտեն (առցանց)։
Միջոցառումը եզրափակվեց աշխատանք փնտրող կանանց և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվող աշխատանքային տոնավաճառով, որտեղ վերոնշյալ ծրագրի շահառուները՝ Ապարանից, Թալինից և Երևանից, հանդիպեցին մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։ Ծրագրի շրջանակներում մոտ 60 կանայք բարելավել են իրենց գիտելիքներ և ստացել նոր հմտություններ՝ աշխատաշուկայում առավել մրցունակ լինելու համար։ «Դը բոդի շոփ Արմենիա»–ն, որը ՄԱԲՀ երկարամյա գործընկերն է, նվերներ հանձնեց ծրագրի շահառու կանանց։