Նախարարի համոզմամբ՝ գյուղերում դպրոցական նոր միջավայրի ձևավորման ծրագրերը այդ բնակավայրերի զարգացման մասին են

Նախարարի համոզմամբ՝ գյուղերում դպրոցական նոր միջավայրի ձևավորման ծրագրերը այդ բնակավայրերի զարգացման մասին են

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի համոզմամբ՝ Կառավարության կողմից իրականացվող դպրոցական նոր միջավայրի ձևավորումը, նոր ճանապարհների ու տրանսպորտային պատշաճ տեղափոխման ապահովման ծրագրերը ծառայում են գյուղական համայնքների զարգացմանը։

 Ժաննա Անդրեասյանը նման համոզմունք հայտնեց ՀՀ կառավարության մարտի 5-ի նիստում՝ հանրապետության գյուղական բնակավայրերում դեպի դպրոց տանող ճանապարհահատվածների հիմնանորոգման վերաբերյալ քննարկմանը։

«Տարիներ շարունակ մեր տասնյակ գյուղեր դատարկվել ու դատարկվում են, որովհետև երբ գալիս է երեխային դպրոց տանելու ժամանակը, բազմաթիվ ընտանիքներ տեղափոխվում են զուտ այն պատճառով, որ իրենց երեխան լավ դպրոց գնա։ Հիմա Կառավարությունն ասում է՝ կարիք չկա փոխելու բնակության վայրը, ապրեք այնտեղ, որտեղ ապրում եք, և ձեր երեխան կգնա լավ դպրոց»,-ասաց նախարարը՝ ընդգծելով, որ դպրոցաշինության ոլորտում ներկայում իրականացվող ենթակառուցվածքային, ինչպես նաև շենքային պայմանների բարելավման ծրագրերը գյուղական բնակավայրերի զարգացման մասին են, ոչ թե հակառակը։

Նրա կարևորեց դպրոցաշինության ոլորտում կառավարության ստանձնած հանձնառությունը՝ նշելով, որ արդեն 100-ից ավելի դպրոցներում ձևավորվել են լավ կրթություն ստանալու համապատասխան պայմաններն ու ենթակառուցվածքները, իսկ մյուսներում՝ այդ աշխատանքներն ամփոփման փուլում են։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թեմային անդրադառնալով, շեշտեց, որ գյուղերի երեխաները, այնպես ինչպես Երևանի դեպքում է, պետք է ասֆալտապատ ճանապարհով հաճախեն թոփ մակարդակի դպրոց՝ ստանալով համապատասխան կրթություն։