Կառավարությունը դասական աճուրդով կվաճառի լուծարված «Գագարինի արտադրական բազայի» գույքը

Կառավարությունը դասական աճուրդով կվաճառի լուծարված «Գագարինի արտադրական բազայի» գույքը

Կառավարությունն իր այսօրվա՝ նիստում պետական գույքը մասնավորեցնելու մասին որոշում կայացրեց։ Խոսքը Սևան համայնքի Գագարին գյուղի Գործարանային փողոց թիվ 4 հասցեում գտնվող 1106.68 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների, դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.95 հա մակերեսով հողամասի, ջրագծիը և տրանսֆորմատորի, որպես մեկ գույքային միավորի մասին է։ Այն կմասնավորեցվի  դասական աճուրդով։

Նշված գույքը լուծարված «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ-ի որպես լուծարումից հետո մնացած գույք է։

2025 թվականի հուլիսի 8-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է  73 մլն 866 հազար դրամ։

Նշված գույքը նախկինում 8 անգամ ներկայացվել է դասական աճուրդով մասնավորեցման, սակայն բոլոր 8 աճուրդները չեն կայացել՝ հայտ չլինելու պատճառով, ընդ որում՝ առաջին 6 աճուրդների դեպքում գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է 83,1 մլն դրամ։

Նախագծի համաձայն՝ աճուրդում առաջարկած գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ շարժական գույքի արժեքն ամբողջությամբ համապատասխան գանձապետական հաշվին։