Որ խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակը. մանրամասներ
Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։ Որոշումն ընդունվեց քիչ առաջ Կառավարության նիստում։ Բարձրացված գումարի չափը մեկանգամյա հավելյալ վճար չէ։ Այսինքն՝ ապրիլի 1-ից բարձրացված թոշակը կպահպանվի նաև հաջորդող ամիսներին։ Ներկայացնում ենք հաշվարկված տվյալները, որոնք ցույց են տալիս, թե տարբեր շահառու խմբերի համար որքանով կավելանա կենսաթոշակի չափը։
Հիշեցնենք, որ կենսաթոշակների և նպաստների նշված չափերին անկանխիկ առևտրից գումարվում է նաև 20%՝ մինչև 10 000 դրամ հետվճար։ Կենսաթոշակի քարտերից գումար կանխիկացնել հնարավոր է, սակայն հետվճար ստանալու համար անհրաժեշտ է առևտուրը կատարել անկանխիկ։
7 փաստ 2026 թվականի ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացման նախագծի մասին
Փաստ 1
Նվազագույն կենսաթոշակի չափը կդառնա 46000 դրամ (36000 դրամի փոխարեն)։

Փաստ 2
Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կդառնա 34000 դրամ (24000 դրամի փոխարեն)։

Փաստ 3
Կբարձրացվեն ծերության, կերակրողին կորցնելու դեպքում և հաշմանդամության նպաստների չափերը․
ա․ ծերության նպաստի չափը կդառնա 46000 դրամ (36000 դրամի փոխարեն),
բ․ «հաշմանդամ երեխա ճանաչված անձ» կարգավիճակ ունեցող անձի նպաստը կդառնա 49000 դրամ (39000 դրամի փոխարեն),
գ․ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամության) նպաստը կդառնա 49000 դրամ (39000 դրամի փոխարեն),
ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամության) նպաստը կդառնա 47500 դրամ (37500 դրամի փոխարեն),
ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամության) նպաստը կդառնա 46000 դրամ (36000 դրամի փոխարեն)։

Փաստ 4
Միջին կենսաթոշակը ապրիլի 1-ից կդառնա 66 հազար դրամ (59000 դրամ միջին կենսաթոշակ + միջին հետվճար` 7000 դրամ)։
Սա գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղը 4000 դրամով:

Փաստ 5
Կբարձրացվեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
ա․ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամության) կենսաթոշակը կդառնա 64600 դրամ (50600 դրամի փոխարեն),
բ․ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամության) կենսաթոշակը կդառնա 54800 դրամ (41400 դրամի փոխարեն),
գ․ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամության) կենսաթոշակը կդառնա 48000 դրամ (38000 դրամի փոխարեն)։

Փաստ 6
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը կդառնա 48000 դրամ (38000 դրամի փոխարեն)։

Փաստ 7
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում կենսաթոշակը կդառնա 170000 դրամ (120000 դրամի փոխարեն)։

Հիշեցնենք, որ կենսաթոշակների և նպաստների նշված չափերին անկանխիկ առևտրից գումարվում է նաև 20%` մինչև 10000 դրամ հետվճար:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1243839