Պետական բոլոր նպաստների ու կենսաթոշակների վճարումներն անցնում են անկանխիկ համակարգի
ՀՀ Կառավարության որոշմամբ ս․թ․ ապրիլի 1-ից Հայաստանում պետական բոլոր նպաստներն ու կենսաթոշակները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի կողմից թողարկված կենսաթոշակային քարտերի միջոցով։
Բանկերը ս․թ․ հունվար-փետրվար ամիսներին անկանխիկ վճարման դիմում ներկայացրած և բանկ ընտրած քաղաքացիների համար իրականացրել են քարտերի թողարկումը։
Հայաստանի բանկերի միության տարածած հաղորդագրության համաձայն՝ անկանխիկ վճարման դիմում չներկայացրած շահառուները ս․թ․ մարտի 5-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ինքնաշխատ եղանակով կբաշխվեն ըստ հետևյալ բանկերի․
1. ԱԿԲԱ բանկ ԲԲԸ
2. Արարատբանկ ԲԲԸ
3. Արցախբանկ ՓԲԸ
4. Հայէկոնոմբանկ ԲԲԸ
Վերոնշյալ 4 բանկերը մինչև ս.թ. ապրիլի 1-ը տեղաշարժման սահմանափակում ունեցող անձանց համար կապահովեն քարտերի առաքումը՝ բանկի աշխատակիցների և/կամ սուրհանդակային ծառայությունների միջոցով։
Միաժամանակ տեղեկացվում է, որ մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Միասնական սոցիալական ծառայության կողմից վճարման եղանակի փոփոխության և բանկի ընտրության վերաբերյալ դիմումներ չեն ընդունվելու։
Զգուշացվում է նաև, որ մինչև մարտի 5-ը դիմում ներկայացրած և բանկ ընտրած քաղաքացիները, ովքեր չունեն տեղաշարժման սահմանափակումներ, պետք է ներկայանան համապատասխան բանկ՝ քարտը ստանալու համար։