Ս. Քելյան. Հանքարդյունաբերությունը և բնապահպանությունը հակադիր բևեռներում չեն. դրանք կարող են և պետք է համադրվեն
Ի՞նչ նշանակություն և մասնաբաժին ունի հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության մեջ, որո՞նք են այս ոլորտում բնապահպանական ռիսկերը և դրանց զսպման մեխանիզմները,ի՞նչ գործողություններ են պետք ոլորտի հետագա զարգացման համար: Այս և այլ հարցերի պատասխանը կգտնեք ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանի՝ Տնտեսական լրագրողների ակումբին տված հարցազրույցում:
Պարոն Քելյան, ինչպե՞ս կգնահատեք հանքարդյունաբերության ներկայիս դերը Հայաստանի տնտեսության մեջ։
Այսօր հանքարդյունաբերությունը մեր երկրի տնտեսության առանցքային և ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերից է։ Այն ապահովում է ՀՆԱ-ի 2-3%-ը, իսկ հանքարդյունաբերական արտադրանքը կազմում է Հայաստանի արտահանման էական բաժինը՝ նպաստելով արտաքին առևտրի հավասարակշռությանը և պետական բյուջեի եկամուտների ձևավորմանը։
Անվիճելի է նաև ոլորտի մուլտիպլիկատիվ ազդեցությունը տնտեսության վրա։ Հանքարդյունաբերության զարգացումը խթանում է հարակից ճյուղերի աճը և փոքր և միջին բիզնեսի զարգացումը։ Ստեղծվում են նոր աշխատատեղեր ոչ միայն անմիջապես ոլորտում, այլև դրա մատակարարման և սպասարկման շղթայում։ Թերևս տնտեսության որևէ այլ ճյուղ չունի նման ընդգրկուն և բազմաշերտ ազդեցություն։
Միևնույն ժամանակ, կարևոր է ընդգծել հանքարդյունաբերության դերը գիտության և տեխնոլոգիական զարգացման մեջ։ Այս ոլորտը՝ երկրաբանությունից, մետալուրգիայից մինչև բնապահպանական կառավարում, ամբողջովին հիմնված է գիտության վրա։
Հետևաբար, ոլորտի զարգացումը անխուսափելիորեն խթանում է գիտական նորարարությունները, հետազոտական կարողությունների ամրապնդումը և համալսարան–արդյունաբերություն համագործակցության խորացումը։ Այն նպաստում է նոր մասնագիտությունների ձևավորմանը, երիտասարդ գիտնականների և ինժեներների պատրաստմանը և գիտելիքահեն տնտեսության զարգացմանը։
Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի հանքարդյունաբերության ապագան․ շարունակե՞լ ակտիվ զարգացումը, թե՞ առաջնահերթությունը տալ այլ ճյուղերի՝ միաժամանակ սահմանափակելով ոլորտի աճը։
Մենք այսօր ականատեսն ենք նոր աշխարհակարգի ձևավորմանը և հետևում ենք, թե ինչպես են պետությունները գնալով ավելի ակտիվորեն պայքարում բնական ռեսուրսների հասանելիության և վերահսկողության համար։ Ժամանակակից աշխարհի միտումները՝ աշխարհաքաղաքական լարվածությունները, պատերազմները, մատակարարման շղթաների խափանումները, ինչպես նաև կանաչ էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների արագ զարգացումը, անխուսափելիորեն հանգեցնում են հանքարդյունաբերության նկատմամբ պահանջարկի աճի ամբողջ աշխարհում։
Այսօր կարևոր են այն պետությունները, որոնք ունեն աշխարհին առաջարկելու բան՝ լինի դա բնական ռեսուրս, տեխնոլոգիա թե գիտելիք։ Հետևաբար դժվար է պատկերացնել, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ այնպիսի շռայլություն, ինչպիսին է հանքարդյունաբերությունից ամբողջությամբ հրաժարվելը կամ ոլորտի զարգացումը արհեստականորեն սահմանափակելը։ Մեր երկրի տնտեսական և ռազմավարական շահերը պահանջում են ռացիոնալ և պատասխանատու մոտեցում, ոչ թե ծայրահեղ որոշումներ։
Սակայն զուգահեռաբար անհրաժեշտ է զարգացնել նաև տնտեսության այլ ճյուղերը։ Որքան դիվերսիֆիկացված և բազմաբևեռ կլինի մեր տնտեսությունը, այնքան այն ավելի կայուն և կենսունակ կլինի՝ գլոբալ տատանումներին և աշխարհաքաղաքական մարտահրավերներին։
Աշխարհում ինչպե՞ս են հանքարդյունաբերական երկրները լուծում «զարգացում ընդդեմ բնապահպանության» հակադրությունը։ Կա՞ն հաջող մոդելներ, որոնք կարող են կիրառելի լինել Հայաստանում։
Հանքարդյունաբերությունը չի բացառում բնապահպանությունը, և բնապահպանությունը չի բացառում հանքարդյունաբերությունը։ Այս երկու հասկացությունները հակադիր բևեռներում չեն, այլ կարող են և պետք է համադրվեն՝ ճիշտ կառավարման և պատասխանատու մոտեցման պայմաններում։
Եթե գործում են հստակ կանոններ, խիստ վերահսկողություն, ժամանակակից տեխնոլոգիաներ և հաշվետվողականություն, ապա հնարավոր է ապահովել միաժամանակ և՛ տնտեսական աճ, և՛ շրջակա միջավայրի պաշտպանություն՝ առանց արհեստական հակադրությունների։
Այս մոդելը գործում է աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում։ Ուրախալի է, որ Հայաստանում ևս կան հանքարդյունաբերական ընկերություններ, որոնք որդեգրել են հենց այս մոտեցումը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ, բարելավելով բնապահպանական կառավարման համակարգերը և առաջնորդվելով երկարաժամկետ պատասխանատվության սկզբունքով։
Գաղտնիք չէ, որ Հայաստանում հանքարդյունաբերությունն ու բնապահպանական ակտիվիզմը հաճախ գտնվում են կոշտ դիմակայության մեջ։ Ձեր կարծիքով՝ սա կառավարման բացերի՞, վստահության պակասի՞, թե՞ ինստիտուցիոնալ մեխանիզմների թուլության հետևանք է։
Կարծում եմ՝ այս դիմակայության հիմքում իսկապես առկա են նշված բոլոր գործոնները։ Ոլորտում խորհրդային շրջանից մեզ հասած բացասական ժառանգությունը երկար տարիներ ձևավորել է անվստահություն հանքարդյունաբերության նկատմամբ։ Այն ժամանակ բնապահպանական չափանիշները հաճախ երկրորդական էին, թափանցիկությունն ու հանրային մասնակցությունը՝ սահմանափակ, ինչն էլ բնականաբար թողել է խոր հետք հանրային ընկալումների մեջ։ Առկա են նաև ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որոնք բարելավման կարիք ունեն։
Սակայն միաժամանակ կարևոր է տեսնել նաև դրական տեղաշարժերը։ Վերջին երեք տարիների ընթացքում, երբ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը ակտիվ համագործակցության մեջ է եղել Հայաստանի առաջատար հանքարդյունաբերական ընկերությունների և ոլորտի հիմնական դերակատարների հետ, մենք հնարավորություն ենք ունեցել ներսից գնահատելու ոլորտի զարգացումները։ Եվ պետք է արձանագրել, որ պետությունն այսօր ներդրել է վերահսկողական արդյունավետ համակարգներ, ապահովված է թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, մի շարք ընկերություններ իրականում ներդնում են զգալի ֆինանսական և մարդկային ռեսուրսներ՝ կառավարման համակարգերի բարելավման, միջազգային չափանիշների կիրառման և բնապահպանական ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ Այսօր առկա է կառուցողական և արդյունավետ համագործակցություն պետության, մասնավոր հատվածի և բուհի միջև, որը ոչ միայն ամրապնդում է հանրային վստահությունը, այլ նաև նպաստում է ոլորտի պատասխանատու և կայուն զարգացմանը՝ պետական խիստ վերահոսկողությամբ։
Բնապահպանական ակտիվիզմը ևս ենթադրում է հանրային պատասխանատվություն, սակայն հաճախ մենք բախվում ենք մի իրականության, երբ այդ պատասխանատվությունը բացակայում է։ Վերջին տարիներին մենք ականատեսն ենք եղել մի շարք դատական պրոցեսների, երբ հանքարդյունաբերական ընկերությունները բնապահպան ակտիվիստների դեմ ներկայացրել են հայցեր՝ զրպարտության հերքման պահանջով և հաջողել։ Ինչպե՞ս եք գնահատում նման դատական հայցերը։ Արդյո՞ք սա չի հակասում խոսքի ազատության համընդհանուր իրավունքին։
Ես կարծում եմ, որ խոսքի ազատությունը ենթադրում է ոչ միայն իրավունք, այլ նաև հանրային պատասխանատվություն։ Ազատ արտահայտվելու հնարավորությունը չի կարող տարանջատվել պատասխանատվությունից՝ հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է մասնագիտական, հանրային նշանակության հարցերին։
Ցավոք, այսօր հաճախ ականատես ենք լինում, որ տարբեր անհատներ, չունենալով համապատասխան մասնագիտական պատրաստվածություն, ներկայանում են որպես փորձագետներ և հանրային դաշտը լցնում չստուգված, մակերեսային կամ երբեմն ուղղակիորեն սխալ տեղեկատվությամբ։ Եվ խոսքը միայն հանքարդյունաբերության մասին չէ․ գրեթե բոլոր ոլորտներում կան ինքնակոչ «փորձագետներ», որոնք չեն կաշկանդվում անպատասխանատու հայտարարություններից՝ անտեսելով դրանց հնարավոր հետևանքները հանրային ընկալումների, տնտեսական միջավայրի կամ միջազգային հեղինակության վրա։
Հանքարդյունաբերության ոլորտում այս խնդիրը առավել զգայուն է։ Հաշվի առնելով տարածաշրջանային բարդ իրադրությունը՝ Հայաստանի վերաբերյալ գեներացվող սխալ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հաճախ հայտնվում է նաև ադրբեջանական մեդիա հարթակներում և օգտագործվում մեր երկրի դեմ միջազգային տարբեր ձևաչափերում։ Այս հանգամանքը խնդիրը դարձնում է ոչ միայն մասնագիտական կամ տնտեսական, այլև ազգային անվտանգության հարց։
Ուստի նման իրավիճակում յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ հանքարդյունաբերական ընկերությունները, ունեն իրավունք և օրինական հիմք պաշտպանելու իրենց գործարար համբավը, իրենց գործունեության հետ առնչվող մարդկանց իրավունքները և ճշգրիտ տեղեկատվության տարածման սկզբունքը, երբ խոսքը վերաբերում է ապատեղեկատվությանը կամ զրպարտությանը։
Ամենաթարմ դատական նմանատիպ հայցն թերևս Լիդիան Արմենիա ընկերության հայցն է ընդդեմ իրավաբան Նազելի Վարդանյանի։ Վերջինս իր հարցազրույցում հայտարարել էր, որ Ամուլսարում ոսկի չկա և որ «1 տոննայի մեջ 0.7 գրամ ոսկին, ոչ մի բան է, ոչ մի նորմալ երկրում չեն շահագործում»։ Որպես մասնագետ՝ ինչպես կգնահատեք այս հայտարարությունը և արդյոք արդարացված է դատական հայցի նախաձեռնումը։
Ձեր հարցի մեջ արդեն իսկ առկա է դրա պատասխանն ակնարկող տրամաբանություն։ Յուրաքանչյուր ոլորտ ունի իր մասնագիտական սահմանները։ Իրավաբանը չի կարող տալ մասնագիտական գնահատական երկրաբանության կամ հանքային պաշարների հաշվարկման վերաբերյալ, ինչպես երկրաբանը չի կարող մասնագիտական եզրակացություն ներկայացնել իրավական կարգավորումների բարդությունների մասին։ Անձամբ ես երբեք թույլ չէի տա ինձ հրապարակային գնահատական տալ, օրինակ, օրենսդրական որևէ նախաձեռնության վերաբերյալ, եթե դա դուրս է իմ մասնագիտական ոլորտից։ Պարզ պատճառով՝ ես դրա մասնագետը չեմ։
Որպես մասնագետ և որպես ֆակուլտետի ղեկավար, որտեղ տարիներ շարունակ կրթվում են ապագա երկրաբաններ և ոլորտային փորձագետներ, ինձ համար ցավալի է, երբ հանրային դաշտում մասնագիտական հարցերը ներկայացվում են ոչ մասնագիտական մակարդակով։ Սա ոչ միայն խեղաթյուրում է քննարկումը, այլև կարող է մոլորեցնել հանրությանը։
Ինչ վերաբերում է ոսկու պաշարների և պարունակության վերաբերյալ հնչեցված դատողություններին, ապա նույնիսկ հանրայնորեն հասանելի աղբյուրների կարճ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ներկայացվող պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Այսպիսի ձևակերպումները հանգեցնում են ապատեղեկատվության տարածման և հանրային ընկալումների սխալ ձևավորման։ Համոզված եմ, որ հանրային քննարկումները պետք է հիմնվեն փաստերի, մասնագիտական գիտելիքի և պատասխանատվության վրա։ Միայն այդ դեպքում հնարավոր է ձևավորել առողջ, կառուցողական և արդյունավետ երկխոսություն։
Քանի որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության հիմնական ուղղություններից է, ինչպե՞ս կարելի է ձևավորել երկարաժամկետ հավասարակշռված քաղաքականություն, որը միաժամանակ կխթանի ներդրումները և կապահովի բնապահպանական բարձր ստանդարտներ, ինչպես նաև ավելի օբյեկտիվ կդարձնել քաղհասարակության վերաբերմունքը հանքարդյունաբերության նկատմամբ։
Կարծում եմ՝ բանաձևը, ըստ էության, պարզ է։ Անհրաժեշտ է պատշաճ և արդյունավետ կառավարման համակարգերի առկայություն, գործուն և անկախ վերահսկողություն, ինչպես նաև երկարաժամկետ և կանխատեսելի օրենսդրական մեխանիզմներ։
Սրան պետք է գումարվեն թափանցիկությունը, հաշվետվողականությունը և պատասխանատվության հստակ բաշխումը։