Որոշ բանկեր ակտիվ մասնակցությունն են ունենալու Երևանի համար կարևոր նախագծերի կյանքի կոչմանը. Ավինյան

Որոշ բանկեր ակտիվ մասնակցությունն են ունենալու Երևանի համար կարևոր նախագծերի կյանքի կոչմանը. Ավինյան

Երևանի քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրերը քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի բանկերի ղեկավարներին:

Քաղաքապետարանից հայտնում են, որ կարևորելով համայնք-մասնավոր գործակցության հաստատումն ու զարգացումը՝  քաղաքապետ Ավինյանը նշել է, որ բանկային համակարգը ոչ միայն տնտեսական ակտիվության շարժիչ ուժ է, այլև սոցիալական պատասխանատվություն կրող գործընկեր: 

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել թաղամասերի վերակառուցման, բնակելի համալիրների կառուցման ու քաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված տարբեր նախագծերի: Քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ արդյունավետ համագործակցությունը հնարավորություն է տալիս համադրել համայնքային առաջնահերթություններն ու մասնավոր հատվածի ներուժը՝ իրագործելով ենթակառուցվածքային զարգացման համատեղ տարբեր ծրագրեր։

Կառուցապատող ընկերություն ընտրելու համար կարևոր այս նախագծերն, ի դեպ, առաջիկայում կդրվեն մրցույթի:

Դրանք հասանելի են GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի՝ ներդրումային ծրագրերի հարթակում:

Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն բանկերին, որոնք արդեն դարձել են Երևանի վստահելի գործընկերը և իրենց ակտիվ մասնակցությունն են ունենալու քաղաքի համար կարևոր նախագծերի կյանքի կոչմանը: Քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ գործընկեր բանկերի շրջանակն առաջիկայում ևս կընդլայնվի: