Քննարկվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող լրացումները

Քննարկվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող լրացումները

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարող է կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրել շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգևատրմամբ: Միևնույն ժամանակ, օրենքով նախատեսված է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին մեդալով և կրծքանշանով պարգևատրելու կառուցակարգ: Նման կարգ սահմանված չէ կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց համար: Այս մասին մարտի 3-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը և հավելել, որ անհրաժեշտություն է առաջացել կոմիտեի նախագահին ընձեռել նաև նման հնարավորություն:

Զեկուցողի խոսքով նման մոտեցում կիրառվում է նաև Քննչական կոմիտեում:

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է սահմանել համապատասխան լիազորող նորմ, որը հնարավորություն կտա կոմիտեի նախագահին՝ սահմանելու կոմիտեի ծառայողներին հատուկ միջոցներ հատկացնելու, պահելու, կրելու և հանձնելու կարգը:

Հարակից զեկույցում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը և գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Կառավարության հեղինակած ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ: