Հարց չգիտեմ, որ Հայաստանն ու Վրաստանը փորձել են լուծել, չի լուծվել. Պապոյանը՝ հայ տնտեսվարողների խնդիրների մասին

Հարց չգիտեմ, որ Հայաստանն ու Վրաստանը փորձել են լուծել, չի լուծվել. Պապոյանը՝ հայ տնտեսվարողների խնդիրների մասին

Տևական ժամանակ է՝ մեր տնտեսվարողները, բեռնափոխադրողները Վրաստանում լրջագույն խնդիրներ ունեն: Ամիսներ շարունակ ձգձգվում է նրանց ապրանքների մուտքը ՀՀ, այդպես է նաև ՀՀ-ից արտահանվող ապրանքների դեպքում: Տնտեսվարողներն ահազանգում են, թե շատ դեպքերում Վրաստանի իշխանությունները բեռների անխոչընդոտ տեղափոխման հարցերը լուծում են որոշակի նյութական շահագրգռության դիմաց: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խոսքն ուղղելով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչքան պետք է շարունակվի, որ մեր տնտեսվարողները կաշառքի դիմաց Վրաստանի սահմանն անցնեն:

Նախարար Պապոյանը պատասխանեց՝ Հայաստանում միակ մարդն է եղել, որ իրավապահներին է դիմել այդ հարցով:

«Իրավապահներին եմ դիմել այդ հարցով: Մարդ չի եղել, որ գա, ասի՝ այդպիսի բան է եղել: Հրապարակային հայտարարություններ են եղել Ֆեյսբուքի իմ էջում, 100-ավոր մարդիկ այդպիսի բան են գրել: Դիմել եմ իրավապահ մարմիններին, իրավապահ մարմինները դիմել են այդ մարդկանց, և մեկ հոգի չի եղել՝ հաստատի, որ եղել է նման մի բան: Չգիտեմ ճի՞շտ է, թե՞ սխալ, բայց գիտեմ մի բան. ՀՀ-ում չի եղել մեկ հոգի, որ գնա, ասի՝ հաստատում եմ, գիտեմ: Այս բանը, որ գրել եմ Պապոյանի մեկնաբանության տակ, հաստատում եմ դա: Չի եղել դա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Վրաստանում հայ տնտեսվարողների հետ ծագած խնդիրներին, ապա, ըստ նախարարի, դրանք Վրաստանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը բարձրաձայնվել են, և խնդիրները լուծվել են:

«Վաղն էլ Թբիլիսիում տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջկառավարական հերթական նիստը, և բոլոր հարցերը կքննարկվեն:

Հանդիպումներն անցնում են մասնագիտական և քաղաքական առումով բավականին հագեցած մթնոլորտում, հագեցած օրակարգով և բավականին լավ մթնոլորտում: Հարց չգիտեմ, որ Հայաստանն ու Վրաստանը փորձել են լուծել, չի լուծվել: Հերթական փուլում կլուծենք հարցերը, որոնք մնացել են»,-ասաց նա:

Արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ինչքանով է ՀՀ-ն տեր կանգնում իր գործարարին, վարորդին ու քաղաքացուն, եթե նրանք Վրաստանի հետ խնդիրները բարձրաձայնեն, նախարարը հիշեցրեց, որ ՀՀ կառավարության աշխատանքի արդյունքում Վրաստանում մնացած մեքենաներն արդեն ՀՀ-ում են:

«Անցած տարվա ընթացքում տարբեր խնդիրներ առաջացել են, և այդ խնդիրներն ընթացիկ լուծել ենք: Այդ խնդիրների մի մասը, մեր կարծիքով, օբյեկտիվ չի եղել, մի փոքր մասն էլ կարող է և օբյեկտիվ է եղել: Կան դեպքեր, որ մենք X գործարարի Y ապրանքը թույլ չենք տալիս, որ երկրից դուրս գա, որովհետև դա ունի խնդիր: Բայց կան դեպքեր, որ դանդաղեցումներն արդար չեն եղել»,- ասաց նա: