Ամռան ամիսներին ջրանջատումներ լինելու են, բայց ոչ թե 7 ժամ, այլ 3-4 ժամ. Ջրային կոմիտեի նախագահ
Երկուշաբաթյա ժամկետ ենք խնդրել «Վեոլիա ջուր» ընկերության հետ աշխատելու և ջրամատակարարման ժամանակացույցը վերանայելու համար։ Այս մասին մարտի 3–ին, ԱԺ–ում հայտարարեց ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
Նա նշեց, որ իրենց նախնական գնահատականներով, ժամանակացույցը բարելավելու, լավարկելու պոտենցիալ ունեն. «Մեր գնահատականը հիմնված է երկու հիմնական գործոնների վրա՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերը, որոնք ընթացիկ են, իրականացնում ենք, նոր թափ ենք հաղորդելու, որոնց արդյունքում ունենալու ենք բավականին մեծ ծավալների խնայված ջուր։ Խոսքը վերաբերում է թե Երևանին, թե մարզերին։ Երկրորդը՝ ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տարվում էինք, ուղղակի որոշում կայացվեց լրացուցիչ ռեսուրսներ ներդնել ու այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով»,- ասաց Ղալամքարյանը։
Հարցին՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում գիշերայի ժամերին ջուր չի լինում, ինչպե՞ս պետք է լուծել այս խնդիրը, Ջրային կոմիտեի նախագահն ասաց. «Մենք հիմքեր ունենք մտածելու, որ հայտարարված 7-ժամյա անջատումը կարող ենք կրճատել մինչև 3-4 ժամ։ Այսինքն ջրանջատումներ լինելու են, որովհետև ամառվա պիկ ամիսներին կարիք ունենք գիշերային ջրանջատումների, որպեսզի ջրավազանները լցվեն ու ցերեկային ժամերին այդ ջուրն օգտագործվի, բայց 7 ժամի փոխարեն կունենանք 3-4 ժամ։
Ինչ վերաբերում է կորուստներին, ոռոգման համակարգում դրանք գտահատվում են 46-50 տոկոսի շրջանում։ Ինչ վերաբերում է «Վեոլիայի» ստանձնած պարտվորություններին ջրամատակարարման ենթակառուցվծքների առումով, նրանք ստանձնել են 80 տոկոս հայտարարված կորուստներով, իջեցրել են մինչև 55-60 տոկոս։ Տարբեր հատվածներում տարբեր են։ Բայց «Վեոլիան» և կառավարությունը վերջին 2 տարում 22 մլրդ դոլարի ներդրում են անում ենթակառուցվածքներում, ու դա կնպաստի միանշանակ»,–ասաց նա։