Reuters․ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին նավթի գները բարձրացել են 10%-ով՝ հասնելով 80 դոլարի մեկ բարելի դիմաց

Reuters․ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին նավթի գները բարձրացել են 10%-ով՝ հասնելով 80 դոլարի մեկ բարելի դիմաց

Նավթավաճառները հայտնել են, որ Brent տեսակի նավթի գինը մարտի 1-ին բարձրացել է մոտ 10%-ով՝ հասնելով շուրջ 80 դոլարի մեկ բարելի համար, հայտնում է Reuters գործակալությունը։

Աշխարհի նավթի գները փետրվարի 27-ի առևտրի ընթացքում հասել են հուլիսից ի վեր առավելագույնի՝ 73 դոլար մեկ բարելի համար։ Հաշվարկային շաբաթավերջին ֆյուչերսների առևտուրը չի կատարվել, այն կվերսկսվի մարտի 2-ից։

ICIS ընկերության էներգետիկայի և վերամշակման տնօրեն Աջայ Փարմարը նշել է, որ գների աճի հիմնական գործոնը Հորմուզի նեղուցի փակումն է, որի միջոցով տեղափոխվում է աշխարհում հում նավթի 20%-ը։

Reuters-ի աղբյուրների հաղորդմամբ՝ մեծ մասնավոր տանկերների, խոշոր նավթային ընկերությունների և առևտրային տների սեփականատերերը կանգնեցրել են հում նավթի, վառելիքի և հեղուկացրած բնական գազի տեղափոխումները Հորմուզի նեղուցով, այն բանից հետո, երբ Իրանը նախազգուշացրել է նեղուցով նավարկելու արգելքի մասին։

Վերլուծաբանները կանխատեսում են, որ մարտի 2-ին նավթի առևտուրը կսկսվի 90–100 դոլար մեկ բարելի մակարդակով։

Փետրվարի 28-ին Իրանի հետ պատերազմի մեկնարկից հետո, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ նավերին թույլ չի տրվում անցնել Հորմուզի նեղուցով։ Իրանի իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարել նեղուցով նավարկության փակման մասին։։ Իրանի ԱԳՆ-ն մարտի 1-ին հայտարարել է, որ մտադիր չեն փակել նեղուցը և խախտել նավարկությունը։

Աշխարհում ամենամեծ կոնտեյներային փոխադրման ընկերություն Maersk-ը մարտի 1-ին հայտնել է, որ անվտանգության նկատառումներով կանգնեցրել է տրանսպորտային նավերի անցումը Հորմուզի նեղուցով։