ՀՀ կառավարությունը չի հրապարակում ԱՄՆ-ից արտաքսվածների թիվը

ՀՀ կառավարությունը չի հրապարակում ԱՄՆ-ից արտաքսվածների թիվը

ՀՀ կառավարությունը հրաժարվում է հրապարակել ԱՄՆ-ից արտաքսված քաղաքացիների թիվը։

Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ ԱՄՆ-ն հատուկ չվերթով Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների։

Արտաքսված քաղաքացիների վերաբերյալ մանրամասներ իմանալու համար մենք գրավոր մի քանի հարց էինք ուղղել ՀՀ ներքին գործերի նախարարությանը.

Նշված չվերթով քանի՞ քաղաքացի է ժամանել Հայաստան, ի՞նչ կարգավիճակ ունեն նրանք, արդյոք բոլորն ունեն ՀՀ քաղաքացիություն,

Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո քանի՞ նույնանման չվերթ է եղել դեպի ՀՀ, քանի՞ քաղաքացի է տեղափոխվել Հայաստան,

ԱՄՆ-ն տեղեկացրե՞լ է, թե քանի քաղաքացի է նախատեսում հարկադիր վերադարձնել ՀՀ։

Նույն հարցերի պատասխանը փորձել էինք ստանալ նաև ԱԳՆ–ից։ Արձագանքել է ՆԳՆ–ն, բայց մենք մեր հարցերի պատասխանն այդպես էլ չենք ստացել։

«Հայտնում ենք, որ օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություններ վերադարձվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն, որը ենթակա չէ հրապարակման»,– ասված է ՆԳՆ–ի պատասխանում։