Հայաստանը հետազոտում է մոդուլային ատոմակայանի կառուցման վերաբերյալ տարբեր երկրների առաջարկները

Հայաստանը հետազոտում է մոդուլային ատոմակայանի կառուցման վերաբերյալ տարբեր երկրների առաջարկները

Հայաստանը դեռ վերջնական որոշում չունի, թե որ երկրի հետ է համագործակցելու մոդուլային ատոմային կայան կառուցելու հարցում։ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդեն որոշվել է, թե որ երկիրն է Հայաստանում կառուցելու նոր ատոմակայանը, քանի որ 10 տարի հետ նախատեսվում է փակել գործող Մեծամորի ատոմակայանը։

«Վերականգնվող էներգետիկան նոր հնարավորություններ է բացում մեր երկրի համար։ Մեր երկրում արևային էներգետիկան սրընթաց զարգանում է։ Դուք գիտեք, որ մեր երկրում ունենք խորհրդային ժամանակներում կառուցված ատոմակայան։ Վերջին տարիների ընթացքում մենք կարողացել ենք արևային էներգետիկայի ոլորտում ատոմային էլեկտրակայանի կարողություններին կրկնակի գերազանցող կարողություն հաստատել։ Եվ, հաշվի առնելով նշած գործընթացները, մենք հիմա մեծ ատոմակայանի կարիք չունենք։ Ուստի, մեր փորձագետների գնահատականով մեզ պետք է փոքր ատոմակայան, և ահա թե ինչու մենք նախնական որոշում ենք կայացրել, որ փոքր մոդուլային տիպի ատոմակայան ենք ունենալու։

Հիմա մենք քննարկում ենք այդ հնարավորությունը մեր գործընկերների հետ։ Մենք դա քննարկում ենք ԱՄՆ-ի Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի հետ։ Մենք որոնում ենք լավագույն առաջարկը մեր երկրի համար, և այս գործընթացը շարունակվում է, դեռևս վերջնական որոշում չունենք, քանի որ հետազոտում ենք տարբեր առաջարկներ»,- ասել է ՀՀ վարչապետը։