Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին
Փետրվարի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի փորձագետներ Բրայան Էլիսոնին և Ալեն Մկրտչյանին։
Հանդիպման ընթացքում հյուրերը տեղեկացրել են, որ առաջիկա 3–5 տարիների համար մշակվում է կարողությունների զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագիր, որը նախատեսվում է դարձնել առավել համակարգված և թիրախային՝ հիմնված կարիքների համապարփակ գնահատման վրա։ Ծրագրի մշակման և արդյունավետ իրականացման շրջանակում կարևորվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ սերտ համագործակցությունը։
Կարեն Սարգսյանը ներկայացրել է վերջին տարիներին ՄԱԿ-ի աջակցությամբ Գեղարքունիքի մարզում իրականացված բազմաբնույթ ծրագրերն ու դրանց արդյունքները՝ ընդգծելով, որ համագործակցությունը եղել է ակտիվ և արդյունավետ։ Մարզպետը վստահություն է հայտնել, որ ձևավորված գործընկերությունը կշարունակի ամրապնդվել և արձանագրել նոր հաջողություններ։
Որպես առաջնահերթ ուղղություններ՝ մարզպետը կարևորել է սահմանամերձ բնակավայրերում փոքր բիզնեսի խթանումը, ինչպես նաև առողջապահության, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում հրատապ խնդիրների լուծմանը միտված ծրագրերի իրականացումը։