Ապահովագրական ևս 3 ընկերություն միացավ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նախաձեռնությանը

Ապահովագրական ևս 3 ընկերություն միացավ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նախաձեռնությանը

Այսօր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը և «ԱՐՄԵՆԻԱ Ինշուրանս», «ՌԵԳՈ Ինշուրանս» և «ՆԱԻՐԻ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները ստորագրեցին հուշագիր, որի նպատակն է զարգացնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ հուշագրի կնքման արդյունքում շահելու է քաղաքացին՝ պետության կողմից ունենալով բազային անհրաժեշտ բուժօգնության ծավալի ապահովագրություն, ինչպես նաև հավելյալ ծառայություններ ստանալու հնարավորություն մասնավոր ապահովագրական ընկերություններից։

«Այս բարեփոխումը վստահաբար նպաստելու Է Հայաստանում ապահովագրական միջավայրի է՛լ ավելի զարգացմանը, պրոդուկտների ցանկի է՛լ ավելի ընդլայմանը», – նշեց Ավանեսյանը։

Ըստ նախարարի՝ այս 2 ուղղությունների աշխատանքները պետք է լինեն փոխլրացնող՝ ուղղված քաղաքացիների շահերին։

Ըստ տրամադրված տեղեկատվության, հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է առողջապահական համակարգի զարգացման գործընթացում, քանի որ այն նպաստում է ապահովագրական շուկայի համագործակցային ընդլայնմանը, ոլորտում միասնական մոտեցումների ձևավորմանը և քաղաքացիների առողջապահական պաշտպանության ամրապնդմանը։

Նշենք, որ նախաձեռնությանն ավելի վաղ միացել էին նաև «ԻՆԳՈ Արմենիա», «ԷՖԵՍ», «ԼԻԳԱ Ինշուրանս» և «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները։