Թիվ 143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում
Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
«Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը, վերանշանակումից հետո պաշտոնավարելով մեկուկես աշխատանքային օր, ձերբակալվել է։
NEWS.am-ի տեղեկություններով՝ Դանիելյանինն իրավապահների ուղեկցությամբ մանկապարտեզից տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե և մեղադրանք առաջադրել:
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ Ռ. Դանիելյանին մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Գաբրիելյանը փետրվարի 19-ի կարգադրությամբ, երեխաներին հատկացված սննդի յուրացումների, կաշառք ստանալու, աշխատավարձերի յուրացման դրվագներով անցնող «Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանին վերականգնել է նախկին աշխատանքին՝ կատարելով քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով ընդմենն արձանագրվել էր, որ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մակրտչյանը չի ապահովել Դանիելյանի՝ աշխատանքից ազատման դիմումը հետ վերցնելու իրավունքը: Ինքը՝ նախկին թաղապետը, պնդում է, որ եթե անգամ այդ դիմումը հետ ընդուներ, նույն օրը Դանիելյանին ազատելու էր աշխատանքից՝ հիմք ընդունելով մանկապարտեզում հայտնաբերված խախտումների արձանագրությունը:
Մանրամասն՝ NEWS.am